Չնայած Թուրքիայի խորհրդարանում վարչապետ Էրդողանի կուսակցությունն ստացել է ձայների գրեթե 50 տոկոսը, այդուհանդերձ նա ձախողվել է, քանի որ 341 մանդատի փոխարեն ունի 326 մանդատ: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարյանը` հավելելով, որ ընտրությունների արդյունքը դարձավ հավասարակշռված խորհրդարանի առկայությունը:

Ըստ թուրքագետի, ցանկացած հարց քննարկելու համար այժմ Էրդողանին միշտ չի բավարարելու 5 ձայն եւ նա ստիպված է լինելու պայմանավորվել այլ քաղաքական ուժերի հետ:

Շաքարյանը նաեւ կարծիք է հայտնել, որ Էրդողանը կարող էր հաղթել, եթե խորհրդարան չանցներ «Ազգայնական շարժում» կուսակցությունը, քանի որ հենց թուրք ազգայնականներն էին Էրդողանի հիմնական թիրախը նախընտրական փուլում: «Թեեւ «Ազգայնական շարժում» կուսակցությունը հակահայկական է, սակայն կարողանալով հաղթահարել 10 տոկոսանոց արգելքը եւ 50 մանդատ ստանալ խորհրդարանում, այդ ուժը, ըստ էության, նպաստել է հավասարակշռության ստեղծմանը: Ամենահայտնի 15 ազգայնականներից 10-ը դարձան սեռական սկանդալների հերոսներ, սակայն դա էլ չօգնեց Էրդողանին»:

NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ինչի շնորհիվ Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը հաջողվել հասնել իր մանդատների թվի աճի, Շաքարյանն ասել է, թե պատճառը ոչ թե Էրդողանի թիմի վատ աշխատանքն է, այլ Քըլըջդարօղլուի  կուսակիցների լավ աշխատանքի: «2007թ. ընտրություներում Ժողովրդահանրապետական կուսակցությունն ընդամենը 31 հանդիպում է ունեցել ընտրողների հետ` Թուրքիայի 81 նահանգներում, իսկ այս անգամ 300 հանրահավաք է ունեցել»: