Այն ինչ տեղի էր ունենում Ցյուրիխում ամենաբարձր դիվանագիտական մակարդակով, հեշտությամբ կարող էր դառնալ հրաշալի սցենար հոլիվուդյան քաղաքական թրիլլերի համար: Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը նախորդել է մոտ 4-ժամանոց զգացմունքային տեսարան որն ընդհատվել է դասական երաժշտության մինի համերգով եւ փոքրիկ գրությամբ, առանց որի բանակցությունների ավարտական փուլը քիչ էր մնում ավարտվեր մեծ սկանդալով: Այսպես է նկարագրում «Ռոսիսսկայա գազետա»-ն Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման արարողությունը:

Թերթը շարունակում է. «Վերջնագրում բոլորը փորձում էին խուսափել վրիպումներից. Ոչ միայն Անկարան եւ Երեւանը, այլ նաեւ միջազգային միջնորդներ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, ԵՄ-ն: Անգամ ստորագրումից հետո հնչելիք տեքստերը կողմերը որոշել էին նախօրոք ցույց տալ միմյանց, որի պատճառով էլ քիչ էր մնում ամեն ինչ խափանվեր»: Թերթն ընդգծում է, որ այս իրադարձությունը ԱՄՆ նախագահի կողմից «վերաբեռնավորման» մասին հայտնի հայտարարությունից հետո Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առաջին համատեղ դիվանագիտական հաջողությունն է:

Ըստ թերթի, այս իրադարձության կարեւորությունն ընդգծելու համար Հիլարի Քլինթոնից ու Սերգեյ Լավրովից բացի մասնակցում էին նաեւ Ֆրանսիայի եւ Սլովենիայի ԱԳ նախարարներն ու ԵՄ խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան: "Իրադարձություններին հետեւող լրագրողներին սկզբում հայտնեցին, որ հայկական կողմը դեմ է հանդես եկել Թուրքիայի ԱԳ նախարարի ելույթում «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունը հնչելու կապակցությամբ: Էդվարդ Նալբանդյանը շարունակել է պնդել, որ իր թուրք գործընկերոջ խոսքից դուրս բերվի այն միտքը, թե Ցեղասպանության հարցով կզբաղվի հատուկ ստեղծված աշխատանքային խումբը: Իսկ ժամանակը գնում էր: Ավելի ու ավելի ակնհայտ էր դառնում, որ Հայաստանն ու Թուրքիան խոշոր դիվանագիտական ձախողումից մեկ քայլի վրա են: Եվ այդ պահին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իր ձեռքն է վերցրել գրիչն ու անգլերեն լեզվով գաղտնի գրություն գրել Նալբանդյանին. «Էդվարդ, համաձայնվիր արարողությանը՝ առանց հայտարարությունների»: Այդ գրության տակ անմիջապես հայտնվել են նաեւ Բեռնար Քուշների, Սոլանայի եւ Զբոգարի ստորագրությունները: Իսկ ներքեւում Լավրովը ստորագրել է «10 հոկտեմբերի 2009 թվական: 19.35» (Ցյուրիխի ժամանակով):

Այդ դեպքից մոտ մեկ ժամ անց ստորագրման արարողությունը կայացել է: Ճիշտ է՝ առանց երաժշտության, առանց հայտարարությունների եւ ընթրիքի: Այդուհանդերձ, դիվանագետները հասել են իրենց ցանկացած արդյունքին. փաստաթղթերը ստորագրվել են: Մնում է դրանք վավերացնեն երկու երկրների խորհրդարանները: