Չորեքշաբթի առավոտյան ոսկու գինը փոքր-ինչ ընկնում է` 1700 դոլարից բարձրը կազմելով մեկ ունցիայի դիմաց, դոլարի` երեքշաբթի գրանցված էժանացումից հետո, վկայում են աճուրդների տվյալները, փոխանցում է «Փրայմ»-ը:

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու ապրիլյան ֆյուչերսների գինը նվազել է 0.33 տոկոսով կամ 5.7 դոլարով` մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1711.2 դոլար: Նախորդ օրը մետաղը թանկացել էր 2.3 տոկոսով` հատելով 1700 դոլարի սահմանը: Արծաթի` մայիս ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 1.27 տոկոսով եւ 25.85 դոլար կազմել ունցիայի դիմաց:

Երեքշաբթի դոլարը թուլացել էր համաշխարհային արժույթների նկատմամբ ԱՄՆ-ի պետական ​​պարտատոմսերի եկամտաբերության անկման ֆոնին: Ավելի էժան դոլարը ոսկին ավելի հասանելի է դարձնում այլ արժույթներով ներդրողների համար: Արդյունքում ոսկու պահանջարկն աճում է:

Այնուամենայնիվ, չորեքշաբթի դոլարը վերադառնում է աճին, իսկ ոսկին էժանանում է` երեքշաբթի գրանցված ավելի քան 2 տոկոս աճից հետո:
Ընդհանուր առմամբ, դոլարը պահպանում է աճի միտումը. տարեսկզբից ամերիկյան արժույթն ամսական աճ է ցույց տալիս, իսկ ոսկին իր հերթին` անկում: Եթե ​​տարվա սկզբին ոսկին ավելի քան 1900 դոլար արժեր, ապա փետրվարի սկզբին` մոտ 1860 դոլար, իսկ մարտի սկզբին` 1750 դոլարից պակաս: