Ուրբաթ Մինեապոլիս քաղաքը համաձայնել է 27 միլիոն դոլար վճարել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի ընտանիքի հետ քաղաքացիական հայցի լուծման համար՝ նրա մահվան համար մեղադրվող նախկին ոստիկանի դատավարությունից ընդամենը մի քանի շաբաթ առաջ, փոխանցում է NBC News-ը:
Ուրբաթ փակ նիստից հետո քաղաքային խորհուրդը միաձայն հաստատել է համաձայնագիրը: Այն 500 000 դոլարի նվիրատվություն է ներառում 38-րդ եւ Չիկագոյի պողոտաների խաչմերուկում գտնվող համայնքին, որն այժմ հայտնի է որպես Ջորջ Ֆլոյդի հրապարակ, որտեղ անցյալ տարվա մայիսի 25-ին ոստիկանությունը բախվեց Ֆլոյդի հետ այն բանից հետո, երբ շուրջօրյա խանութի աշխատակցուհին հայտարարեց, որ նա փորձում էր կեղծ 20 դոլարով ծխախոտ գնել:
Պատահական անցորդը տեսանկարահանել էր ոստիկանության սպա Դերեք Շովինին, ով մոտ ինը րոպե իր ծունկը պահել էր Ֆլոյդի պարանոցի վրա: Տեսանյութը գրավեց ամբողջ աշխարհի ուշադրությունը Ֆլոյդի մահվան նկատմամբ եւ զանգվածային անկարգություններ առաջացրեց ռասայական խտրականության դեմ:
Ֆլոյդի ընտանիքը ներկայացնող փաստաբան Բենջամին Քրամփն ասել է, որ դա ամենամեծ նախադատական վճիռն է քաղաքացիական իրավունքների խախտման արդյունքում դատավարության գործով եւ շեշտել է, որ դա «հզոր ազդակ է առ այն, որ սեւերի կյանքը կարեւոր է եւ ոստիկանության դաժանությունը գունավոր մաշկով մարդկանց նկատմամբ պետք է դադարեցվի»:
Քրամփը մամուլի ասուլիսի ժամանակ բարձր է գնահատել քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյին եւ Մինեապոլիսի քաղաքային խորհրդին եւ ասել է, որ Ֆլոյդի մահը «անկյունաքարային պահ էր Ամերիկայի համար»:




























