Բրազիլիայի Գերագույն դատարանն ամբողջ կազմով կքննարկի նախկին նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի պատժի չեղարկման հարցը, ինչը նրա համար կրկին ճանապարհ է բացում դեպի քաղաքականություն, մասնավորապես՝ 2022 թվականի ընտրություններին մասնակցության համար, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով բրազիլական լրատվամիջոցները:
Նախկին նախագահի փաստաբաններն այժմ հինգ օր ժամանակ ունեն դատական նիստից առաջ իրենց փաստարկները ներկայացնելու համար:
Ուրբաթ Գերագույն դատարանի դատավոր Էդսոն Ֆաչինը մերժել էր Գլխավոր դատախազության բողոքարկման պահանջը՝ պատժի չեղարկման որոշումը բեկանելու մասին: Սակայն նրա որոշումն այժմ պետք է հաստատվի կամ չեղյալ համարվի լիագումար նիստին Գերագույն դատարանի 11 անդամներից բաղկացած կոլեգիայի կողմից:
Լուլա դա Սիլվան Բրազիլիան ղեկավարել է 2003-ից 2010 թվականներին, իսկ 2017-ին դատապարտվել էչ իննուկես տարվա ազատազրկման՝ փողերի լվացման եւ կոռուպցիայի համար: Ավելի ուշ ժամկետն ավելացվել էր մինչեւ 12 տարի: Նա ինքը իր մեղքը չի ընդունում, նրա փաստաբաններն այս ամբողջ ընթացքում փորձում էին բողոքարկել վճիռը:
Չնայած նրան, որ Լուլա դա Սիլվան դատապարտվել է կոռուպցիայի գործով՝ բրազիլացիները շարունակում են համակրանք տածել նրա՝ որպես երկրի նախկին առաջնորդի նկատմամբ:





























