Ավստրալիայի ֆինանսների նախկին նախարար Մատիաս Կորմանն ընտրվել է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) նոր գլխավոր քարտուղար, հաղորդում է DW-ն՝ հղում անելով ՏՀԶԿ-ի հաղորդագրությանը:

Ընտրող հանձնաժողովի վերջին քվեարկության ժամանակ Կորմանը առաջ է անցել շվեդ քաղաքական գործիչ Սեսիլիա Մալմստրյոմից, ով մինչ 2019 թվականը զբաղեցնում էր առեւտրի եվրոպական կոմիսարի պաշտոնը: Ավստրալիայի նախկին նախարարը դեռ պետք է հաստատվի ՏՀԶԿ խորհրդի կողմից:

Կազմակերպության գլխավոր քարտուղարն ընտրվում է 5 տարի ժամկետով: Մատիաս Կորմանը իր պաշտոնը պետք է ստանձնի հունիսի 1-ից: 50-ամյա Կորմանը 2013-2020 թվականներին՝ երկրի պատմության մեջ ամենաերկար ժամկետով գլխավորել է Ավստրալիայի ֆինանսների նախարարությունը: ՏՀԶԿ-ի ապագա ղեկավարը բելգիական արմատներ ունի, նա ծնվել է Էյպեն քաղաքում, իսկ 1996-ին տեղափոխվել է Ավստրալիա:

ՏՀԶԿ-ն միավորում է 37 տնտեսապես զարգացած երկրներ, ներառյալ ԵՄ երկրների մեծ մասը, Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ը: Կազմակերպությանը անդամակցելու շուրջ Ռուսաստանի հետ բանակցություններն անցկացվում են 2007 թվականից, սակայն 2014-ի մարտին Ղրիմի անեքսիայի ֆոնին դրանք դադարեցվել են անորոշ ժամանակով: