Մեր կապը ժողովրդի հետ միշտ պահում ենք, դրա ուղիղ միջոցներից մեկն էլ հանրահավաքներն են, որտեղ մեր ասելիքն ասում ենք։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը՝ վստահեցնելով, որ մարտի 1-ին վարչական ռեսուրս չի կիրառվել և բոլորն իրենց կամքով են եկել հանրահավաքին։
«Իշխանությունը խոսում է արտահերթ ընտրությունների մասին, սակայն ընդդիմությունը չի հավատում, որ Նիկոլ Փաշինյանը կարող է արդար ընտրություններ անցկացնել։ Որպես օրինակ նշվում է, թե ինչպես էր իշխանությունը մարտի 1-ին վարչական լծակներով մարդկանց բերել հրապարակ, գործի դրել ողջ իշխանական ռեսուրսը։ Ընդդիմության մտահոգությունն արդարացի չէ՞». Հարցին Լոռու մարզպետը բացասական պատասխան է տվել՝ հիշատակելով խորհրդարանական եւ ինքնակառավարման մարմինների վերջին ընտրությունները.
«2018-ից հետո համապետական և ՏԻՄ տարբեր ընտրություններ են եղել, դրանք չեն կեղծվել ու այսուհետեւ էլ չեն կեղծվի։ Իշխանությունը ձևավորվելու է ժողովրդի ազատ կամարտահայտության միջոցով։ Ինչ վերաբերում է մարտի 1-ին, մարդիկ եկել են հրապարակ իրենց կամքով»։
«Բազմաթիվ փաստեր հրապարակվեցին, թե ինչպես են մարդկանց մարզերից ավտոբուսներով բերում, ինչպես են տարբեր հիմնարկություններից աշխատողներին պարտադրում գնալ հանրահավաքին։ Դրանք չե՞ն փաստում, որ մարդիկ ինքնակամ չէին այնտեղ». այս հարցին եւս Արամ Խաչատրյանը բացասաբար է պատասխանել.
«Մամուլն ընդամենն իր կարծիքն է հայտնել, ես չգիտեմ, թե դրա աղբյուրները որտեղից են։ Ես, իբրև Լոռու մարզպետ, այդ տեղեկություններին չեմ տիրապետում»։
Ինքը ոչ մեկին չի պարտադրել գնալ հանրահավաքի, բայց մարզից մայրաքաղաք հասնել օգնել են.
«Ոչ, նման բան չկա։ Այսօր Հայաստանում ոչ մեկը ոչ մեկին չի կարող պարտադրել, սպառնալ, նախկին իշխանության հայտնի մեթոդներով մարդկանց պարտադրել գնալ հանրահավաքի։ Այլ խնդիր է, որ մարդը ցանկություն ունի, բայց հեռավոր մարզից հնարավորություն չունի գալ Երևան, դրա համար կան կուսակցության գրասենյակներ, դիմում են ու նրանց օգնում ենք գալ»։
«Գուցե ընտրությունների ժամանակ էլ օգնելու մղումով մարդկանց մեքենաներով տանեք տեղամասեր և ձեր քաղաքական ուժի համար պարտադրեք քվեարկել». Մարզպետը համեմատությունը տեղին չի համարել.
«Տեղամասերը բնակավայրից 1-1,5կմ է և համեմատություն տեղին չէ»։
«Մարտի 1-ին հրապարակում մարդկանց թիվը Ձեզ ի՞նչ հուշեց, 2 տարի առաջ ու հիմա տարբերությունը հսկայական է». Լոռու մարզպետը համարում է, որ տարբերությունն աննշան է.
«Եղանակային պայմաններն էլ չխանգարեցին, որ մարտի 1-ի հանրահավաքը լեփ-լեցուն լինի։ Տեսանյութերը նայեք։ Տարբերությունը շատ քիչ էր, չնչին։ Հանրահավաքը շատ հզոր էր, հաղթական և ևս մեկ անգամ ապացուցեց, որ ժողովուրդը կանգնած է վարչապետի կողքին»։
«Բարոյակա՞ն է, որ Մարտի 1-ի զոհերի հիշատակի համար կազմակերպված հանրահավաքն օգտագործվեց որպես ուժի ցուցադրություն, որպես քաղաքական հարցեր լուծելու հարթակ». Արամ Խաչատրյանը համարում է, որ երթը քաղաքական տարրեր չէր պարունակում.
«Իրերն իրենց անունով կոչենք, պետք չէ մանիպուլացնել։ Դա սգո երթ էր և քաղաքական էլեմենտ չէր պարունակում։ Մենք գնացինք, հարգեցինք վերջին պատերազմում նահատակված մեր հերոսներին։ Անգամ մարդիկ վանկարկումներ չէին անում»։
«Դըմփ-դըմփ-հու-ն, ծափերը նորմա՞լ էին, դա է՞լ էր տեղավորվում սգո երթի շրջանակում». իշխող ուժի ներկայացուցիչը «դըմփ-դըմփ-հու» չի լսել.
««Դըփ-դըփ-հու» չի եղել, ես եմ երթի մեջ եղել»։
«Այսօր տպավորություն է, թե երկրում կա երկու ընդդիմություն։ Եվ ընդդիմությունն է հանրահավաքներ անում, և իշխանությունը։ Այն դեպքում, երբ ձեր ձեռքում են իշխանական բոլոր լծակները, կարող եք երկիրը զարգացնել ձեր ունեցած ռեսուրսներով։ Իշխանության ինչի՞ն են պետք հանրահավաքները». ըստ Լոռու մարզպետի՝ հանրահավաք են արել միմյանց հանդեպ կարոտը փարատելու համար.
«Մեկս մյուսին կարոտում ենք, հավաքվում ենք։ Մեր կապը ժողովրդի հետ միշտ պահում ենք, դրա ուղիղ միջոցներից մեկն էլ հանրահավաքներն են, որտեղ մեր ասելիքն ասում ենք»։
«Վերջին հանրահավաքի ժամանակ որոշ քաղաքացիներ խոսում էին Շուշիի ոչ հայկական լինելու մասին, դուք է՞լ եք այդ կարծիքին». մարզպետը Շուշին հայկական է համարում։
«Փաշինյանի տեսակետին համամի՞տ չեք». Արամ Խաչատրյանն այս հարցի մեջ դարձյալ մանիպուլյացիա է տեսնում.
«Խնդում եմ լրատվամիջոցներին վարչապետի խոսքը չմանիպուլացնել։ Շուշին հայկական քաղաք է»։





























