Գործոնները, որոնք կօգնեին հայկական կողմին հաղթել պատերազմում, ոչ մի տեղ չեն անհետացել, եւ այդ մասին գիտի թուրք-ադրբեջանական տանդեմը: Նրանց համար շահավետ են Հայաստանի ներկայիս իշխանությունների գործողությունները: Այս մասին մարտի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարարի նախկին խորհրդական, ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:

Նրա խոսքով՝ եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը, ապա Ադրբեջանն ընդհանրապես պատերազմ չէր սկսի, իսկ Բաքվում սպասեցին, որ Բակո Սահակյանը հեռանա Արցախի նախագահի պաշտոնից, որպեսզի հանգիստ սկսեն պատերազմը:

Նա նկատեց, որ հանուն Հայաստանում Ռուսաստանի դեմ բրիտանա-թուրքական ծրագրի իրականացման, հայրենասիրական կարգախոսների ներքո եկան ուժեր, որոնց նպատակն էր թուլացնել Հայաստանը եւ Արցախը:

«Այս ծրագիրը մի քանի տասնամյակ իրականացվում էր պլանաչափ եղանակով: Հիմա նրանք փորձում են ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ մենք հաշտվենք կատարվածի հետ: Բայց չի բացառվում, որ Սյունիքի մարզում կարող է լարվածություն հրահրվել, որպեսզի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը երկարաձգվի»,- ասաց Ջամալյանը:

Փորձագետի գնահատականով՝ Հայաստանն ունի բնական դաշնակիցներ՝ Ռուսաստանը, Իրանը եւ Չինաստանը:

«Եթե Հայաստանում այլ ուժեր լինեին, պատերազմի արդյունքները կարող էին այլ լինել: Ռուսաստանի արտաքին հետախուզության ղեկավարը եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չէին կարող հենց այնպես խոսել Արցախում ահաբեկիչների մասին: Այս գործոնը հեշտությամբ կարելի էր օգտագործել եւ հակաահաբեկչական գործողություն սկսել: Բացի այդ, եթե Իրանն ասում է, որ իր «կարմիր գիծը» Հայաստանի անձեռնմխելիությունն է, ապա Թեհրանին, բնականաբար, շատ ավելի շահավետ է, որ հայկական կողմը ավելի շատ տարածքներ վերահսկի Արաքս գետի երկայնքով»,- հավելեց նա: