Եթե Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակից, բարձր գնաճից սկսել են բողոքել անգամ պաշտոնատար անձինք, եթե անգամ իշխանություններն ու կառավարությունն են սկսել խոստովանել իրավիճակի բարդությունը, ապա սա նշանակում է, որ վիճակն իրոք լուրջ է։ Հունիսի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը։

«Սա ուղիղ գնահատականն է նրա, թե ինչպես ենք աշխատել, առաջնորդվե՞լ ենք արդյոք երկիրի երկարաժամկետ զարգացման ռազմավարությամբ, թե զուտ իրավիճակային լուծումներ ենք տվել առկա խնդիրներին։ Իմ տպավորությամբ, մենք առաջնորդվել ենք օր գլորելու տրամաբանությամբ, մինչդեռ Հայաստանում կյանքը սեզոնից սեզոն ավելի բարդ հաղթահարելի է դառնում։ Ակնհայտ է դառնում, որ երկրում արմատական փոփոխությունների իրականացման անհրաժեշտություն կա»,- ասաց Սաֆարյանը։

Անդրադառնալով իշխանություն-ընդդիմություն երկխոսության թեմային՝ «Ժառանգության» պատգամավորը նշեց, որ կողմերի միջեւ փոխվստահություն չկա։ Նա առավել ճիշտ համարեց, որպեսզի երկխոսելու գործընթացին մասնակցեն ոչ միայն բացառապես ՀԱԿ-ն ու իշխանությունը, այլ նաեւ խորհրդարանական ընդդիմությունը։ «Երկխոսության հարթակը միայն պատվիրակությունները չեն, երկխոսության հարթակը նաեւ Ազգային ժողովն է, ինչպես որ, ՀԱԿ-ը չէ միակ ընդդիմությունը»,- ամփոփեց Սաֆարյանը։