NEWS.am-ի խմբագրություն զանգահարած մեծ թվով քաղաքացիներ՝ հիմնականում արարատցիներ, ահազանգում են, որ Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքում արդեն մի քանի օր է՝ աղիքային սուր վարակ է տարածված, ինչի հետեւանքով Մասիսի ինֆեկցիոն հիվանդանոց են տեղափոխվել մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ։ Թե՞ որն է վարակի իրական պատճառը, կարելի է միայն ենթադրել, սակայն համայնքի բնակիչները համոզված են, որ ինֆեկցիայի պատճառը խմելու ջուրն է։

Փաստի կապակցությամբ մանրամասներ ճշտելու նպատակով զանգահարեցինք հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանին, ով հաստատեց, որ Նոր Խարբերդ համայնքից աղիքային սուր վարակի ախտանշաններ ունեցող 11 մարդ իսկապես Մասիսի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել, սակայն  վաղ է ասել, թե արդյոք խմելու ջրի՞ց են նրանք թունավորվել։ «Ես արդեն երկու օր է՝ այնտեղ եմ, սակայն առայժմ պատրաստ չեմ որեւէ բան ասել, քանի որ դեռեւս ինքս չեմ կողմնորոշվել։ Մանավանդ, չեմ կարող պնդել, որ վարակի աղբյուրը խմելու ջուրն է»,- ասաց հանրապետության գլխավոր համաճարակաբանը։

Ամփոփելով՝ Արա Ասոյանը տեղեկացրեց, որ աղիքային  վարակով Մասիսի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված 11 անձանցից 5-ն այսօր արդեն դուրս են գրվել։

Մինչդեռ «Երեւան Ջուր» ՓԲԸ մամուլի քարտուղար Մուրադ Սարգսյանը հավաստիացրեց, որ իրենց կողմից Նոր Խարբերդ համայնքի բնակիչներին մատուցվող ջրի որակը համապատասխանում է սահմանված բոլոր չափանիշներին եւ այս պահի դրությամբ, ընկերությունը որեւէ մեկի կողմից ջրի վատ որակի մասին անհանգստություն եւ բողոք չի ստացել։ «Մեր կողմից մատակակարվող ջուրը գտնվում է մշտական վերահսկողության տակ»,- ընդգծեց նա։