Երկուշաբթի հարյուրավոր ցուցարարներ դուրս էին եկել Ամմանի փողոցներ երկրում պարետային ժամի՝ ուժի մեջ մտնելուց հետո, որը գործում է 19:00-ից 06:00-ն: Ինչպես հայտնել է Agence France-Presse-ը (AFP), ցուցարարները փողոց էին դուրս եկել Ամմանի կենտրոնական թաղամասերում, որտեղ անվադողեր եւ աղբամաններ էին հրկիզել, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ցուցարարները հակակառավարական կարգախոսներ էին բղավում՝ պահանջելով վերացնել իշխանությունների կողմից մարտի 11-ին սահմանած սահմանափակումները վարակվածների թվի ավելացման պատճառով: «Վերջ կաշառակերների կաբինետին, մենք ուզում ենք ապրել եւ աշխատել»,- վանկարկում էին բողոքարարները: Ի պատասխան ոստիկանները արցունքաբեր գազիով նռնակներ կիրառեցին:

Հաղորդումները փողոցային բողոքների մասին ստացվում էին նաեւ այլ քաղաքներից, ամենազանգվածայինը ցույցերն էին Մադաբայում եւ Իրբիդում, որտեղ բախումներ էին տեղի ունեցել իրավապահ ուժերի հետ: Թագավորության ներքին գործերի նախարար Մազեն Ֆարայան, ով առողջապահության ժամանակավոր նախարարն է, հաստատեց քաղաքացիների ցույցեր անցկացնելու իրավունքը, սակայն պահանջել է խստորեն պահպանել իշխանությունների կողմից սահմանված պարետային ժամը:

Հորդանանում վարակվածների թիվը համավարակի մեկնարկից ի վեր երկուշաբթի նոր առավելագույն ցուցանիշ էր գրանցել: Petra գործակալությունը, վկայակոչելով Թագավորության Առողջապահության նախարարության տվյալները, հայտնել է, որ մեկ օրվա կորոնավիրուս է ախտորոշվել 9416 քաղաքացու մոտ, մահացել է 83 մարդ: Ելույթ ունենալով հակաճգնաժամային շտաբի նիստին՝ թագավոր Աբդուլլահ Երկրորդը «վախեցնող» է անվանել կորոնավիրուսով վարակված մարդկանց թվի վերաբերյալ տվյալները եւ պահանջել է շտապ միջոցներ ձեռնարկել:

Ըստ Ad-Dustour թերթի՝ Մեծ Բրիտանիայից վիրուսի ավելի վարակիչ ու մահացու շտամը Հորդանանում վարակների թվի կտրուկ աճի պատճառ է դարձել: Մեկ օրվա ընթացքում ամենամեծ թվով վարակվածները գրանցվել են մայրաքաղաք Ամանում եւ դրաա շրջակայքում (4.787), որին հաջորդում են Իրբիդ (1.078) եւ Էզ-Զարկա (871) նահանգները: ՊՇՌ թեստ է հանձնել 48.638 հորդանանցի, 19.36 տոկոսի արդյունքները դրական են եղել:

Վիճակագրության համաձայն՝ թագավորությունում վարակվածների ընդհանուր թիվը 2020 թվականի մարտի 10-ից հասել է 486 470-ի, մահացել է 5 428 մարդ, բուժվել է 401 319-ը: