Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը ստորագրել է «Վաստակավոր շնաբույծ» եւ «Ժողովրդական շնաբույծ» պատվավոր կոչումների ստեղծման մասին խորհրդարանի կողմից ընդունված օրինագծերը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Պատգամավորները կոչումների հաստատումը կապել են «ազգային պատմամշակութային ժառանգությունը պահպանելու եւ հանրայնացնելու» նախագահի ջանքերի հետ:
Բերդիմուհամեդովն անձամբ ուսումնասիրել է պատվավոր շնաբույծների համար առաջարկվող խորհրդանիշները եւ «Տարվա թուրքմենական քաջ ալաբայ» մեդալը` ալաբայ (միջինասիական հովվաշուն) ցեղատեսակի շների գեղեցկության մրցույթի հաղթողի համար: Մեդալը նույնպես հիմնվել է նախագահի որոշմամբ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքմենստանում հիմնվել է Ալաբայի տոն, որը նշվելու է ամեն ապրիլ ամսվա վերջին կիրակի օրը՝ Ախալտեկինյան ձիու ազգային օրվա հետ միասին:
Նոյեմբերի 10-ին Աշխաբադում բացվել է ալաբայի հսկա հուշարձան: Ոսկե հուշարձանը տեղադրված է պատվանդանի վրա, որը շրջապատված է տեսաէկրանով: Բացման արարողության ժամանակ էկրանին ցուցադրվել են այս ցեղի շների մասնակցությամբ տեսանյութեր:





























