Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյորն Յագլանդը ողջունել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ երկկողմ հարաբերությունների կարգավորման մասին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը: նա շնորհավորել է կողմերին՝ կարեւոր պատմական քայլի առթիվ, որը խաղաղություն կբերի երկու երկրներին եւ կամրապնդի կայունությունը Հարավային Կովկասում:

«Դա պատմական քայլ է, որ խաղաղություն կբերի երկու երկրներին եւ կամրապնդի կայունությունը Հարավային Կովկասում: Իհարկե, մենք բոլորս գիտենք, որ համաձայնությունների ամբողջական կատարման համար ժամանակ եւ կողմերից պայմանավորվածությունների երկարաժամկետ հարգանք է պահանջվում: Եվրոպայի Խորհուրդը, իր հերթին, պատրաստ է օգնություն ցուցաբերել այդ գործընթացին՝ իր լիազորությունների եւ Թուրքիայի ու Հայաստանի հետ լիակատար համագործակցության շրջանակներում»,- հայտարարել է Տորբյորն Յագլանդը:

Հոկտեմբերի 10-ին Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» եւ «Երկկողմ հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը պետք է ստորագրումից հետո վավերացվեն երկու երկրների խորհրդարանների կողմից:

Հիշեցնենք, որ վավերացման դեպքում Թուրքիան պարտավորվում է բացել հայ-թուրքական սահմանը՝ հետագա երկու ամիսների ընթացքում: Հոկտեմբերի 14-ին թուրքական Բուրսա քաղաքում կայանալու է Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլային հավաքականների միջեւ հանդիպումը: Սպասվում է, որ խաղին ներկա կգտնվի նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: