Գերմանիան խաղադրույք է կատարում, որ ԱՄՆ վարչակազմը պրագմատիկ մոտեցում կցուցաբերի «Հյուսիսային հոսք 2» նախագծին, եւ պնդում է, որ գազատարի կառուցումը կավարտվի՝ չնայած ԱՄՆ դիմադրությանը, հայտնում է Reuters-ը:
11 միլիարդ դոլար արժողությամբ նախագիծը արգելափակելու համար ԱՄՆ-ի միմյանց հաջորդող վարչակազմերը պատժամիջոցներ են կիրառել որոշ կազմակերպությունների նկատմամբ եւ նախագծում ներգրավված այլ ընկերություններին նախազգուշացրել են պատժամիջոցների ռիսկի մասին:
Նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ խողովակաշարը «վատ գաղափար է Եվրոպայի համար»,- հայտարարել է Սպիտակ տունը:
Դիվանագետներն ու պաշտոնյաները նշում են, թե Բեռլինն ակնկալում է, որ լավագույն ռազմավարությունը ավարտված գործարքը Միացյալ Նահանգներին պատրաստի նախագծի տեսքով ներկայացնել է:
Վերլուծաբաններն ասում են, որ խողովակաշարը մոտավորապես 95 տոկոսով կառուցված է եւ կարող է ավարտվել մինչեւ սեպտեմբեր, ինչը քիչ ժամանակ է թողնում Բայդենի վարչակազմին` դրան խանգարելու լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու համար:
Թեեւ Վաշինգտոնը հրապարակավ հայտարարել է, որ շարունակելու է աշխատել «Հյուսիսային հոսք 2»-ի դեմ, գերմանացի պաշտոնյաները եւ ԵՄ դիվանագետները կարծում են, որ բանակցությունների տեղ կա:
Բեռլինը Բայդենի վարչակազմի հետ «Հյուսիսային հոսք 2»-ի վերաբերյալ դեռ առարկայական քննարկումներ չի սկսել եւ չգիտի ԱՄՆ-ի վերջնական դիրքորոշումը:
ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ Վաշինգտոնը շարունակում է տարբեր մակարդակներով համագործակցել գերմանական կառավարության հետ՝ պատժամիջոցների ռիսկերը պարզաբանելու համար:
Սակայն թեեւԲայդենը դեմ է նախագծին, նա նաեւ փորձում է կարգավորել հարաբերությունները Եվրոպայի հետ:
Գերմանացի դիվանագետները հայտարարել են, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը սպասում է առաջին անձնական հանդիպմանը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:
Մաասը «Հյուսիսային հոսք 2»-ը պաշտպանում էր ոչ թե որպես քաղաքական, այլ որպես մասնավոր ձեռնարկություն, եւ ներգրավված ընկերությունները բազմիցս նշել են, որ այս կապի հիմնավորումը առեւտրայինն է:





























