Առաջիկայում Ռուսաստանից Հայաստան սպասվում է Sputnik V պատվաստանյութի առաքում: Այս մասին մարտի 24-ին Ազգային ժողովի նիստում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Նրա խոսքով՝ Հայաստանում նախապես գրանցվել է կորոնավիրուսով կրկնակի վարակման շուրջ 300 դեպք, բայց դրանք պետք է մանրակրկիտ ուսումնասիրվեն, որպեսզի հաստատվի, որ խոսքը հենց այդ վարակի մասին է:

Ինչ վերաբերում է պատվաստումներին, ապա, ինչպես նշեց նախարարը, աշխարհում առավելագույն հնարավոր դոզաներ քանակ ձեռք բերելու մրցավազք կա:

«Հայաստանը նաեւ բոլոր ուժերով մի շարք ծրագրերի միջոցով եւ երկկողմ մակարդակով միացել է պատվաստանյութերի գնման գործընթացին: Մինչ այժմ կառավարությունը բավարար միջոցներ է հատկացրել գործընթացին մասնակցելու համար: COVAX հարթակի միջոցով մենք արդեն նախնական պայմանավորվածությունների ենք հասել պատվաստանյութը ձեռք բերելու վերաբերյալ»,- ասաց Ավանեսյանը:

Բացի այդ, ըստ նախարարի, Ռուսաստանի հետ պայմանավորվածություն կա: Այսպիսով, առաջիկայում սպասվում է «Սպուտնիկ V»-ի մատակարարում Հայաստան:

Այս պահին պետության հաշվին իրականացվում են ռիսկի խմբում գտնվող մարդկանց պատվաստումներ: Պատվաստման կենթարկվեն նաեւ բուժաշխատողները:

«Այժմ պատվաստանյութ է ստացել շուրջ 600 մարդ: Գործընթացը գնում է»,- ասաց հանրապետության առողջապահության նախարարության ղեկավարը:

Ինչ վերաբերում է մյուս քաղաքացիների պատվաստումներին, Ավանեսյանը հայտնեց, որ նախարարությունն օգնում է համագործակցություն հաստատել մասնավոր ընկերությունների միջեւ, որպեսզի նրանք կարողանան դրանք գնել եւ առաջարկել բնակչության այլ խմբերին, բայց արդեն վճարովի հիմունքներով: