«Ես չգիտեմ, թե ում հետ, որտեղ եւ երբ է Ադրբեջանի նախագահը քննարկել տարածքային հարցը, սակայն ինձ հետ նա դա չի արել»,- հոկտեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ Մոսկվա մեկնելուց առաջ մեկնաբանելով իր ադրբեջանցի գործընկերոջ հայտարարությունները, թե Քիշնեւում համաձայնություն է ձեռք բերվել ղարաբաղյան կարգավորման շրջանակներում տարածքային հարցերի շուրջ:
Սերժ Սարգսյանի խոսքերով, Իլհամ Ալիեւի հետ Մոլդովայի մայրաքաղաքում կայացած վերջին հանդիպմանը բանակցությունների առարկա է եղել Լեռնային Ղարաբաղի միջանկյալ եւ վերջնական կարգավիճակի հարցը: «Ես չեմ զարմանում, որ Ադրբեջանի նախագահն իր դժգոհություն է հայտնել Քիշնեւի հանդիպման կապակցությամբ: Զարմանալին նրա հայտարարությունն է տարածքային հարցերի վերաբերյալ համաձայնության մասին»,- նշել է Հայաստանի ղեկավարը:




























