ԱՄՆ կառավարությունը նախաձեռնում է էլեկտրաէներգետիկ ձեռնարկությունները, ջրամատակարարման համակարգերը եւ արդյունաբերության այլ կարեւոր ճյուղերը կիբեռհարձակումներից պաշտապանելու նոր ջանքեր:

«Մեր նպատակն է ապահովել, որ 50 հազար եւ ավելի ամերիկացիների սպասարկող կառավարման համակարգերն ունենան բազային տեխնոլոգիաներ չարամիտ կիբեռակտիվության հայտնաբերման եւ արգելափակման համար»,- Associated Press-ի հետ զրույցում հայտարարել է ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Էնն Նոյբերգերը:

Պետական-մասնավոր գործընկերությունն արտացոլում է վարչակազմի մտահոգությունը կիբեռհարձակումների դեմ կենսականորեն կարեւոր համակարգերի, այդ թվում՝ էլեկտրացանցերի եւ ջրամաքրող կառույցների խոցելիության պատճառով, որոնք կարող են հանգենել աղետալի հետեւանքների:

Սպառնալիքն աճում է այն բանին զուգահեռ, որ համացանցին են միանում ավելի մեծ թվով կոմունալ համակարգեր, եւ Բայդենի վարչակազմը ցանկանում է արագ առաջընթացի հասնել ցանկացած հարձակման արգելափակման գործում:

Միաժամանակ վարչակազմը առաջին 60 օրում փորձել է արձագանքել 2 խոշոր կիբեռներխուժումներին: Առաջին դեպքում հաքերները վնասաբեր գաղտնագիր էին ներդրել ծրագրային ապահովման թարմացման մեջ, որը տարածվել էր հազարավոր պետական հաստատություններում եւ մասնավոր ընկերություններում:

Երկրորդ դեպքում է՛լ ավելի մասշտաբային հարձակումն ընդգրկել էր Microsoft Exchange-ի հազարավոր փոստային սերվերներ: Ընկերության խոսքով՝ սերվերները կոտրել էին չինացի հաքերները: