Հնարավոր է, որ Եգիպտոսի իշխանությունները ավելի քան 1 մլրդ դոլարի վնասի փոխահատուցում պահանջեն Սուեզի շրանցքում խցանված Ever Given նավը ծանծաղուտից հանելու օգնության դիմաց, հայտնում է CNBC-ն:

«Մենք կհասնենք ավելի քան միլիարդ դոլարի չափով փոխհատուցման»,- հայտարարել է Սուեզի ջրանցքի վարչության տնօրեն Ուսամա Ռաբին: Նրա խոսքով՝ այս թիվը հիմնված է ջրանցքից ստանալիք եկամուտների կորստի, սարքավորումների եւ տեխնիկայի արժեքի, ինչպես նաեւ 800 փրկարարների աշխատանքային ժամերի քանակության վրա, որոնք      նավը ազատել են: «Մենք պատշաճ գումար կպահանջենք»,- ասել է նա՝ չհստակեցնելով, թե ով է կոնկրետ փոխհատուցումը վճարելու:

200 հազար տոննա քաշով կոնտեյներատարը ծանծաղուտից հաջողությամբ հանվել է երկուշաբթի՝ 6 օր անց Սուեզի ջրանցքում խցանվելուց հետո: Պատահարը միջազգային նավագնացության ճգնաժամ էր հարուցել՝ համաշխարհային առեւտրի վրա օրական 9 մլրդ դոլար արժենալով:

Ռաբին հույս է հայտնել, որ փոխհատուցման մասին համաձայնագիրը կարող է ձեռք բերվել «2 կամ 3 օր հետո», հակառակ դեպքում Եգիպտոսը կարող է նավը պահել Սուեզի ջրանցքից հյուսիս գտնվող Մեծ դառը լճում, որտեղ այն ներկայումս ստանում է տեխնիկական սպասարկում: «Մենք կարող էինք համաձայնության գալ որոշակի փոխհատուցման շուրջ, կամ գործը կհասնի դատարան»,- ասել է նա: