ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտել է Big Tech-ի «գրաքննությունն» այն բանից հետո, երբ Facebook-ից հեռացվել է իր հարսին՝ Լարա Թրամփին տված հարցազրույցը, հայտնում է New York Post-ը: «Ես շատ լավ հարցազրույց էի տվել Լարային»,- ասել է ԱՄՆ նախկին նախագահը Real America’s Voice մալուխային լրատվական ալիքին տված հարցազրույցում: «Facebook-ը դա հեռացրել է, եւ սա խայտառակություն է»,- ասել է նա: Հարցազրույցը հրապարակվել էր երեքշաբթի Լարա Թրամփի հեռարձակմամբ: Կադրի հետ նրա գրառումները հեռացվել են Facebook-ից եւ Instagram-ից:

«Ոչ ոք չէր էլ կարող մտածել, որ հիմա կարող է նման բան տեղի ունենալ այս երկրում»,- ասել է նախկին նախագահը: «Ամենուր տոտալ գհրաքննություն է»,- հավելել է նա: «Այս երկրում դուք խոսքի ազատություն չունեք: Բայց նրանք որքան շատ են հեռացնում, այնքան շատ մարդ է այդ մասին խոսում»,- ասել է Թրամփը:

Facebook-ը այն մի քանի սոցցանցերի թվում է, որոնք հունվարի 6-ին ԱՄՆ Կապիտոլիումում անկարգություններից հետո արգելափակել էին նախկին նախագահի էջերը: Facebook-ից ստացած էլեկտրոնային նամակում, որը Լարա Թրամփը տեղադրել է համացանցում, սոցցանցերի հսկայի աշխատակիցը մեկնաբանել է տեսանյութի հեռացումը՝ հայտարարելով, որ դրա մեջ «ելույթ է ունեցել նախագահ Թրամփը»: «Արգելափակման համաձայն, որը դրել ենք Facebook-ում եւ Instagram-ում Դոնալդ Թրամփի էջերի վրա, Դոնալդ Թրամփի ձայնով հետագա կոնտենտը հեռացվելու է»,- նշված է էլեկտրոնային նամակում: