Ստամբուլում փոխհրաձգության հետեւանքով սպանվել են չեչեն եւ ադրբեջանցի: Տեղի ոստիկանությունում աղբյուրներին վկայակոչելով՝ «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնել է, որ փոխհրաձգությանը մասնակցել են նաեւ Սիրիայի եւ Վրաստանի քաղաքացիներ:

Ըստ տեղեկությունների՝ հրաձգությունը տեղի է ունբեցել Բաշաքշեհիր շրջանում: Ձերբակալվել են երեք չեչեններ: Հրաձգության մյուս մասնակիցներին որոնում են:

Նախօրեին 8 օտարերկրյա քաղաքացիներ հանդիպել էին Բաշաքշեհիրում՝ քննարկելու իրենց միջեւ ծագած խնդիրները: Սկզբում անձանց խումբը, որի մեջ եղել են Վրաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Սիրիայի քաղաքացիներ, պարզապես զրուցում էին: Այնուհետեւ սկսել են վիճել եւ զենքը դուրս բերելով՝ կրակ են բացել: Միջադեպի հետեւանքով մահացել են ադրբեջանցի Բ. Ժ.-ն եւ չեչեն Կ. Յ.-ն: Ռուսաստանի քաղաքացիներ Զուրաբ Ն.-ն եւ Մոհամմեդ Յ.-ն վիրավորում են ստացել:

Ոստիկանության նախնական տեղեկություններով՝ երկու խմբի միջեւ բախում է առաջացել 2 մլն թուրքական լիրա արժողության անշարժ գույքի վաճառքի շուրջ վեճի պատճառով: Հրաձգության վայրից փախուստի դիմած 4 կասկածյալներին որոնում են: Մյուս կողմից՝ պնդում են, որ սպանված ադրբեջանցի Բ. Ժ.-ն ադրբեջանական մաֆիայի առաջնորդ Ռովշան Ջանիեւի մարդկանցից մեկն էր, որը 2016 թվականին սպանվել էր Ստամբուլում: