Անցած հանգստյան օրերին SpaceX հրթիռի բեկորները հայտնաբերվել են Վաշինգտոն նահանգում, հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով շերիֆի պաշտոնական ներկայացուցչին:
Մոտ 5 ֆուտ բարձրությամբ բեկորը հայտնաբերվել է նահանգի կենտրոնում Գրանտ շրջանի հարավարեւմտյան մասում գտնվող մասնավոր սեփականության տարածքում:
Վնասվածքներ չեն եղել, բեկորը գետնին բախվելու հետեւանքով թողել է 4-5 դյույմանոց հետք, հայտնել է շերիֆի դեպարտամենտի տեղեկատվության բաժնի աշխատակից Կայլ Ֆորմանը: SpaceX-ն այս մասին իրազեկվել է երկուշաբթի եւ ժամանել է երեքշաբթի, որպեսզի այն տանի, ասել է նա:
Հրթիռի ընկած հատվածի գտնվելու կոնկրետ վայրի մասին տեղեկություններ չեն հրապարակվում:
«Լրատվամիջոցներ եւ գանձեր որոնողներ. մենք չենք բացահայտում մանրամասները: Սեփականատերը պարզապես ցանկանում է, որ իրեն հանգիստ թողնեն»,- Twitter-ում հայտնել են շերիֆի գրասենյակից:
Մի քանի լրատվամիջոցներ գրել են, որ բեկորն ընկել է ֆերմայի տարածքում:
Ավելի վաղ՝ մարտի 25-ին Վաշինգտոնի եւ Օրեգոնի երկնքում նկատվել էին փայլող շերտեր: Ոմանք մտածել էին, որ դրանք առաջացել են երկնաքարից:
SpaceX ընկերությունը, կարծես, այդպես էլ չի հաստատել, որ խոսքն իր հրթիռի բեկորների մասին է:





























