Կիպրոսի Հանրապետությունում քննում են երկրում օտարերկրացիներին կացության թույլտվություն տալու համար ՆԳ նախարար Նիկոս Նուրիսի ստորագրությունը բազմիցս կեղծելու քրեական գործը։ Այս մասին շաբաթ օրը հաղորդել է Phileleftheros թերթը:

Գործը ուղարկվել է քրեական դատարան, բայց դատավարությունն ինքնին դեռ չի սկսվել: Գործով որպես մեղադրյալ անցնում են երկու հոգի՝ փաստաբան եւ պետական պաշտոնյայի օգնական: Ամբաստանյալների անունները թերթը չի նշում:

Երկուսն էլ ժամանակավորապես կալանավորվել են իշխանությունների կողմից, ընդ որում՝ օգնականն արդեն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, իսկ փաստաբանը շարունակում է կատարել իր գործառույթները՝ դեռեւս իր հաճախորդների գործերը քննելու ընթացքում ներկայանալով դատական նիստերին, ասված է հաղորդագրության մեջ:

Ըստ թերթի՝ փաստաբանը Նուրիսի կեղծված ստորագրությամբ ձեւակերպված կացության յուրաքանչյուր վկայականի համար ստացել է 2300 եվրո: Թերթը նշում է, որ այս պահին բացահայտվել է նման փաստաթղթերի կեղծման 11 դեպք, հաղորդում է ՏԱՍՍ-ը: