Գուանտանամոյի բանտի երբեմնի գաղտնի ստորաբաժանումը, որն անմխիթար վիճակում էր հայտնվել, փակվել է, իսկ բանտարկյալները տեղափոխվել են Կուբայի ամերիկյան բազայում գտնվող մեկ այլ հաստատություն, հաղորդում է AP-ն: Խոսքը «Ճամբար 7»-ի (7-րդ ճամբար) բանտարկյալների մասին է:
ԱՄՆ հարավային հրամանատարությունը, որը վերահսկում է պահման կենտրոնը Կուբայի հարավ-արեւելքում, չի նշել, թե քանի բանտարկյալ է տեղափոխվել: Պաշտոնյաներն ավելի վաղ հայտարարել էին, որ 7-րդ ճամբարում շուրջ 14 մարդ կա: Գուանտանամոյում 40 բանտարկյալ կա:
Հարավային հրամանատարությունը հայտարարել է, որ 7-րդ ճամբարի բանտարկյալներն «անվտանգ եւ առանց միջադեպերի» են տեղափոխվել 5-րդ ճամբար, սակայն չի հայտնել, թե երբ է դա տեղի ունեցել:
«Ճամբարը 7»-ը բացվել էր 2006 թվականի դեկտեմբերին բանտարկյալների համար, ովքեր նախկինում պահվում էին ԿՀՎ-ի կողմից ղեկավարվող գաղտնի կալանավայրերի ցանցում, որոնք հաճախ «սեւ հատվածներ» էին կոչվում, որտեղ նրանք հարցաքննության դաժան մեթոդների էին ենթարկվում:
Երկար ժամանակ զինվորականները հրաժարվում էին նույնիսկ ընդունել «Ճամբար 7-ի» առկայությունը եւ երբեք թույլ չէին տալիս լրագրողներին ներս մուտք գործել: Պաշտոնյաներն ասում են, որ ստորաբաժանումը, որը երբեք չի նախագծվել որպես մշտական, կառուցվածքային խնդիրներ է ունեցել ու պետք է փոխարինվեր:
7-րդ ճամբարում պահվողների թվում հինգ բանտարկյալ կար, ովքեր մեղադրվում են 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների պլանավորման եւ նյութատեխնիկական աջակցության գործում իրենց դերի մեջ:
Նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ մտադիր է փակել Գուանտանամոն, բայց դրա համար անհրաժեշտ կլինի Կոնգրեսի հաստատումը որոշ բանտարկյալների Միացյալ Նահանգներ տեղափոխելու համար:




























