Հնդկական անվտանգության առնվազն 22աշխատակից է զոհվել մաոիստական ​​գրոհայինների հարձակման արդյունքում, հաղորդում է Reuters-ը:

CoBRA էլիտար ստորաբաժանման անվտանգության աշխատակիցների վրա հարձակվել են Չատիսգարհ նահանգում: «Մենք կարող ենք հաստատել, որ 22 հնդիկ զինծառայող սպանվել է մաոիստական ​​գրոհայինների կողմից»,- ասել է կառավարության բարձրաստիճան պաշտոնյան:

Նրանք զոհվել են Սուկմա սահմանային շրջանում չորս ժամ տեւած փոխհրաձգության արդյունքում: Ներկայումս օպերացիաներ են ընթանում անհայտ կորած անվտանգության աշխատակցին գտնելու ուղղությամբ:

Ներքին գործերի նախարար Ամիտ Շահը հայտարարել է, որ կառավարությունը չի հանդուրժի նման արյունահեղությունը, եւ «համապատասխան պատասխան կտրվի նման հարձակումները կանխելու համար»:

Մաոիստները, որոնք հայտնի են նաեւ որպես նաքսալներ, տասնամյակներ շարունակ զինված ապստամբություն են մղում կառավարության դեմ: Ձախ զինյալների խմբավորման առաջնորդներն ասում են, որ պայքարում են ամենաաղքատների անունից, ովքեր ոչինչ չեն շահել Ասիայի երրորդ ամենամեծ տնտեսության տեւական տնտեսական բումից:

1967 թվականից մաոիստները վերահսկողություն են հաստատել կենտրոնական եւ արեւելյան Հնդկաստանի հսկայական տարածքների նկատմամբ՝ այսպես կոչված «կարմիր միջանցք» ստեղծելով: