Նիդերլանդների Ազգային անվտանգության եւ Ռազմավարական Հետազոտությունների Կենտրոնի եւ «Հոլանդական միջազգային բնակարանային երաշխիքներ» հիմնադրամի հրավերով հունիսի 20-ից 22-ը ԱԱԽ քարտուղար, Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիայի (ԱՍԲԱ) խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Նիդերլանդների Թագավորություն:
ԱԱԽ քարտուղարի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնեցին, որ այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ Անվտանգության եւ արդարադատության պետքարտուղարի, Նիդերլանդների Թագավորության ազգային անվտանգության խորհրդականի, ինչպես նաեւ Հաագայի Ռազմավարական Հետազոտությունների Կենտրոնի ղեկավարության հետ: Կողմերը կքննարկեն ազգային անվտանգության ոլորտում հայ-հոլանդական համագործակցության խորացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ:
Այնուհետեւ հանդիպումներ են տեղի ունենալու սոցիալական բնակարանային կազմակերպությունների հետ, այդ թվում «ՎՍՎ» երաշխիքային հիմնադրամի, «Հոլանդական միջազգային բնակարանային երաշխիքներ» հիմնադրամի եւ «Վոոնբրոն» սոցիալական բնակարանային կազմակերպության ղեկավարության հետ: Այս հանդիպումների ընթացքում կքննարկվեն սոցիալական բնակարանային ոլորտում հայ-հոլանդական համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ կստորագրվեն մի շարք համաձայնագրեր ԱՍԲԱ հիմնադրամի եւ հոլանդական գործընկերների միջեւ Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ:




























