Մեգապոլիսների մեծամասնության համար ամենաբարդ խնդիրներից մեկը խցանումներն են: Մոսկովյան խցանումների վերաբերյալ առակներ են հյուսվում: Փարիզի եւ Նյու Յորքի խցանումները հայտնի են ամբողջ աշխարհին: Բայց մի տեղ իշխանությունները լուծում են խնդիրը, մեկ այլ տեղ խնդիրը լուծվում է մետրոյի առկայությամբ: Երեւանը, մեգապոլիս չլինելով, ըստ խցանումների վիճակի եւ ճանապարհային երթեւեկության կազմակերպման, առույգ քայլերով մոտենում է վատթարագույն ցուցանիշներին: Պարադոքսն այն է, որ ոչ միայն խնդիրը լուծելու փորձեր չեն ձեռնարկվում, այլ, կարծես, ամեն ինչ հակառակն է:
Իշխանությունների հիմնական վարկածն է ավտոմեքենաների մեծ քանակությունը: Ճանապարհատրանսպորտային պատահարների աճի պատճառը եւս մեքենաների թիվն է: Տոկիոյի բնակչությունը արվարձանների հետ միասին մոտ 30 մլն է: Սա 10 անգամ ավելի է Հայաստանի եւ առնվազն 15 անգամ ավելի է Երեւանի բնակչությունից: Տոկիոյում խցանումներ չկան գրագետ մտածված տրանսպորտային լուծումների հաշվին: Մենք հեռու ենք այն մտքից,որ Երեւանի իշխանություններից պահանջենք անիրականանալին եւ կախարդական փայտիկի զորությամբ ստեղծենք նույնպիսի ճանապարհներ: Ամենեւին ոչ: Բայց անհրաժեշտ է կատարել նվազագույն հնարավորը: Կամ չանել ակնհայտ խնդրահարույց քայլեր:
Գարնան սկիզբը նշանավորվեց ճանապարհածածկի աննախադեպ վատ վիճակով: Լրջորեն տուժեցին տասնյակ մեքենաներ՝ ընկնելով փոսերի կամ ճանապարհային պատահարների մեջ: Փոսերի եւ փոս ընկած հատվածների վերաբերյալ լրատվամիջոցներում բազմաթիվ հրապարակումներից եւ համացանցում քաղաքացիների բողոքներից հետո վերանորոգման ինչ-որ աշխատանքներ սկսվեցին: Դառնալով նոր խցանումների, վնասվածքների ու նյարդային վիճակների պատճառ:
Ի՞նչ տրամաբանությամբ են ճանապարհածածկի վերանորոգման աշխատանքներն անցկացվում աշխատանքային օրերին, ծանրաբեռնված ճանապարհին պիկ ժամին: Հենց այդպիսի պատկեր կարելի է տեսնել քաղաքի տարբեր հատվածներում:
Ինչո՞ւ է կարկատումը տեւում շաբաթներ: Ինչո՞ւ է վերանորոգումն իրականացվում հարկատուների աշխատանքային ժամերի հաշվին: Մանրանալու ցանկություն չկա, բայց ամեն օր խցանման մեջ ժամ-ժամուկես մնալը նշանակում է բենզինի ավելորդ լիտրեր, անձնական տրանսպորտի լրացուցիչ վերանորոգում՝ այն դեպքում, որ խցանումներ չեն լինի, եթե իրավասու մարմինները զբաղվեն ճանապարհային երթեւեկության կազմակերպման իրենց անմիջական պարտականություններով: Հանրային տրանսպորտի սրահում ավելորդ ժամ-ժամուկես անցկացնելը նշանակում է մի քանի անգամ մեծացնել կորոնավիրուսով վարակվելու ռիսկը: Ո՞վ է պատասխանատու մարդկանց առողջության համար: Առողջապահության նախարարի բազմաթիվ կոչերից հետո տրանսպորտում դիմակներ կրելու վերահսկողությունն իրականացվեց 1-2 օր, եւ վերջ՝ մոռացան:
Ապրիլի 8-ին առավոտյան 9-ին Սեբաստիայի փողոցում վայրի խցանում ստեղծելով՝ աշխատողները խաղաղ զրուցում էին: Այստեղ աշխատանքները կատարվում են շաբաթվա սկզբից՝ ամեն օր ստեղծելով այս կամ այն աստիճանի ծանրության խցանումներ: Պարզելու փորձին, թե ինչ ընկերություն է կատարում ճանապարհային աշխատանքները, հետեւեց լկտի պատասխան՝ «ռուսական»: Ակնհայտ է, որ Երեւանում ճանապարհների վիճակի համար էլ են պատասխանատու Ռուսաստանն ու Պուտինը: Լավ է գոնե՝ ոչ Պուշկինը:
Ինչո՞ւ ճանապարհային ոստիկանությունը համառորեն չի տեսնում փողոցի երկայնքով կայանված մեծ բեռնատարողության տրանսպորտը, տարհանող մեքենաները, վաճառվող մեքենաները: Դրանք կայանված են ակնհայտ խախտումներով՝ ծածկելով լուսակիրները: Չի՞ տեսնում տասնյակ «շտապող ջիգիթներին», որոնք խցանումը շրջանցում են հանդիպակաց ուղեմասով:
Ընթանում է Մալաթիա շրջանով անցնող «Հյուսիս-Հարավ» մայրուղու հատվածի շինարարությունը: Շատ լավ է, հեռանկարում հոյակապ ճանապարհ կլինի: Բայց, քանի դեռ շինարարությունն ընթանում է, մարդիկ ինչո՞ւ են ստիպված ամեն օր տուն եւ աշխատանքի հասնել ժամեր շարունակ խցանման մեջ մնալով: Պատասխանատու պաշտոնյաները բազմազանության համար գուցե գան շրջան եւ հետեւեն, թե ինչ է տեղի ունենում պիկ ժամերին: Ճանապարհային ոստիկանությունը գուցե արդեն սկսի հետեւե՞լ, որ հետիոտնը դադարի փողոցն անցնել մտքով անցած տեղից, որ վարորդները դադարեն երկրորդ շարքով կայանել երկու ուղեմասով փողոցում:
Եվ ինչպիսին են ճանապարհային աշխատանքները, որ իրականացվում են այսպիսի զոհողություններով: Պատասխանատու պաշտոնյաներին համառորեն խորհուրդ ենք տալիս այցելել, օրինակ, Երրորդ մասի ամբարտակի հատված եւ սեփական աչքերով ծանոթանալ արդյունքներին: Վստահ ենք, որ նրանց մոտ շատ հարցեր կառաջանան:
Այբենական ճշմարտություններ հիշեցնելու ցանկություն չկա, բայց ճանապարհների նորգումն ու կառուցումը իշխանությունների ուղղակի պարտականությունն է, այլ ոչ թե արվող լավություն: Իսկ «հպարտ քաղաքացիների» մասին հայտարարությունները, որոնց օրը նշելու ենք ընթացիկ ամսվա վերջին, խոսքեր չեն, այլ գործեր: Քաղաքակիրթ հարաբերությունները ենթադրում են հարգալից վերաբերմունք քաղաքացիների նկատմամբ, այն քաղաքացիների, որոնց վճարած հարկերի հաշվին ոչ միայն ճանապարհներ են կառուցվում եւ նորոգվում, այլեւ վճարվում են աշխատավարձեր, այդ թվում՝ քաղաքապետարանի եւ ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին:
P.S. Ինչպես արդեն նշվեց, բացի բարոյական կողմից, կա նաեւ նյութականը: Ի վերջո, իրավասու մարմինների անգործությունը, որոնց մեղքով քաղաքացիները պարբերաբար բարոյական եւ նյութական վնաս են կրում, կարող է կոլեկտիվ հայցով վիճարկվել դատարանում:






























