«Թալիբան»-ը բոյկոտում է Աֆղանստանի վերաբերյալ ցանկացած խորհրդաժողով, քանի դեռ «բոլոր արտաքին ուժերն ամբողջությամբ դուրս չեն բերվել» երկրից, թվիթերում գրել է Թալիբանի ներկայացուցիչը, հաղորդում է Axios-ը:

Այսպիսով, թալիբները հրաժարվել են մասնակցել Ստամբուլում կայանալիք առաջիկա խաղաղության խորհրդաժողովին: Հայտարարությունը տարածվել էր նաեւ այն բանից հետո, երբ Սպիտակ տունը հայտարարեց, որ ԱՄՆ-ն մինչեւ սեպտեմբերի 11-ը դուրս կբերի իր զորքերը:

ՄԱԿ-ը հայտարարել է, որ Ստամբուլի համաժողովը տեղի կունենա ապրիլի 24-ից մայիսի 4-ը եւ նպատակ ունի օգնել թալիբներին եւ Աֆղանստանի կառավարությանը շարժվել դեպի «արդար եւ կայուն քաղաքական կարգավորում»:
Անցյալ տարի Թրամփի վարչակազմը համաձայնություն էր ձեռք բերել «Թալիբան» շարժման հետ, որը ԱՄՆ-ից պահանջելու է իր զորքերը դուրս բերել մինչեւ մայիսի 1-ը: Ներկայումս երկրում կա ՆԱՏՕ-ի մոտ 10.000 զորք, որից մոտ 3500-ն ամերիկացի են: