Ադրբեջանն ու Թուրքիան Վրաստանի տարածքով ունեն նավթագազային եւ երկաթուղային հոսքեր: Թուրքիան Ադրբեջանի մեծությամբ երկրորդ առեւտրային գործընկերն է, երկրորդը՝ արտասահմանյան ներդրումների մասով՝ զիջելով Մեծ Բրիտանիային: Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, «Հայաստանը եւ Թուրքիան Հարավային Կովկասում. իրողություններ եւ ռիսկեր» թեմայով խորհրդաժողովի ժամանակ ասաց ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Էդգար Էլբակյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի արտաքին առեւտրում Թուրքիայի մասնաբաժինն էապես ավելացել է:
«7 տարի առաջ այն կազմել է 6 տոկոս, 2019-ին՝ արդեն 14 տոկոս»,-նկատեց Էլբակյանը:
«Ինչպես եւ անկախությունից հետո հայ հասարակությունը, այնպես էլ ադրբեջանական հասակարկությունն ավելի ուղղված է դեպի Արեւմուտքը: Եթե մեր դեպքում այդ Արեւմուտքը եղել է ինչ-որ աներեւակայելի տարածքում, եւ ապա վերածվել գլոբալիստական օրակարգի, ապա Ադրբեջանի դեպքում Արեւմուտքի դերում Թուրքիան է»,-պարզաբանեց նա:





























