Թուրքիայի եւ Ադրբեջանի համատեղ զորավարժությունները կոնկրետ նպատակ են հետապնդում: Մեր ուղղությամբ գործում է Երրորդ թուրքական բանակը, որը կազմված է երկու կորպուսից՝ 9-րդ եւ 8-րդ: Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, «Հայաստանը եւ Թուրքիան Հարավային Կովկասում. իրողություններ եւ ռիսկեր» թեմայով խորհրդաժողովի ժամանակ ասաց ռազմական վերլուծաբան Հայկ Խաչիկյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի հարավային հատվածը գտնվում է 8-րդ կորպուսի օպերատիվ ենթակայության տակ, իսկ հյուսիսայինը՝ 9-րդ:
«Հաշվի առնելով Նախիջեւանի գործոնը՝ 2013 թվականին Ադրբեջանն ըստ էության ստեղծեց Նախիջեւանի առանձին համազորային բանակ, ինչպես նաեւ աշխատանքներ տարավ Թուրքիայի հետ Նախիջեւանի ուղղությամբ, որոնք չսահմանափակվեցին զորավարժություններով: Հարավային ուղղությամբ մեզ մոտ գտնվում է թուրքական բանակի 8-րդ կորպուսի 1-ին մեխանիզացված բրիգադը: Այն ամենամոտն է Նախիջեւանին: Այն ունի մոտ 3000 մարդ, ընդ որում, բավականին լուրջ փորձ: Այդ բրիգադի կազմում մարտական ուղղաթիռներ են: Նմանը չկա ո՛չ Հայաստանում, ո՛չ Ադրբեջանում»,-ասաց Խաչիկյանը:
Նա նշեց, որ եթե գնանք դեպի հյուսիս, ապա կարելի է տեսնել՝ ինչպես է Հայաստանի ուղղությամբ տեղակայվել նույն 8-րդ կորպուսի 12-րդ մեխանիզացված բրիգադը: Այդ բրիգադը, նրա խոսքով, կարող է նաեւ ռեզերվային դեր խաղալ: Այստեղ է գտնվում Իգդիրի 5-րդ սահմանային գունդը, որի օպերատիվ ուղղությունն է հայ-իրանական սահմանը:
Խաչիկյանը նկատեց, որ դեպի հյուսիս՝ Կարսի շրջանում, կենտրոնացած է 9-րդ կորպուսի ստորաբաժանումը: Ընդ որում, Կարսում տեղակայված է 14-րդ մեխանիզացված բրիգադը:
Եթե ավելի խորը գնանք, ապա Սարիղամիշում կարելի է նկատել հատուկ նշանակության 9-րդ բրիգադը: Այդ բրիգադի ստորաբաժանումները մասնակցել են Սիրիայում ռազմական գործողություններին:
«Էրզրումում տեղակայված են տվյալ խմբավորման աջակցության միջոցներ: Դա միայն այն ուժերն են, որոնք գտնվում են առաջին էշելոնում եւ ունեն բավական լուրջ ռեզերվներ»,-նշեց ռազմական վերլուծաբանը:
Նրա խորին համոզմամբ՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի համատեղ զորավարժությունները կոնկրետ նպատակ են հետապնդում:
Այսպես, Նախիջեւանի ուղղությամբ ադրբեջանցիներն իրենց գործողությունները կազմակերպել են բոլոր օպերատիվ մակարդակներում այնպես, որ Թուրքիայի ներկայությունը բոլոր օպերացիաներին լինի սպասվող եւ հնարավոր:
«Ի՞նչ ձեւաչափով: Նախիջեւանում անցկացվել են պաշտպանական զորավարժություններ, եւ օպերատիվ խնդիրների իրականացման շրջանակում կառուցվել է ճանապարհ, որը թույլ կտա արագ տեղակայել թուրքական զորքերը Նախիջեւանում: Իսկ Թուրքիային Նախիջեւանի հետ կապում է միայն մեկ ճանապարհ, որը հսկվում է հայկական կողմից»,-եզրափակեց ռազմական փորձագետը:





























