Հայաստանը կարեւորում է Լիտվայի ներդրումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում: Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:

Նշելով, որ երկու երկրների հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի վրա՝ նա հայտնեց, որ իր գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ օրգակարգի, տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր: Հայաստանը, ինչպես նշեց նախարարը, պատրաստ է խորացնել հարաբերությունները:

«Լիտվան կարեւորագույն եվրոպացի գործընկերներից է, մենք բարձր ենք գնահատում ԵՄ շրջանակում արդյունավետ փոխգործակցությունը: ԵՄ-ի հետ համաձայնագրի լիարժեք կիրառումը նոր հնարավորություններ է բացում հարաբերությունների խորացման համար»,-ասաց Այվազյանը:

Նրա խոսքով՝ այս օրերին նախարարի այցը խորհրդանշական է: «Հայաստանը կարեւորում է Լիտվայի ներդրումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում: Մենք բախվում ենք մարդու իրավունքների եւ միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների: Դրա վառ դրսեւորում էր Թուրքիայի անմիջական ռազմական մասնակցությամբ Ադրբեջանի ծավալած ագրեսին, ինչը հանգեցրեց Արցախում հումանիտար ճգնաժամի: Մինչ օրս չլուծված է Ադրբեջանում պահվող գերիների եւ պատանդների հարցը: Մենք միջազգային հանրության աջակցության կարիքն ունենք: Հուսով ենք՝ մեր եվրոպացի գործընկերները կարձագանքեն»,-եզրափակեց Արա Այվազյանը: