Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, գտնվելով Բաքվում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին շնորհավորել է միայն հակամարտության երկու կողմերից արյունահեղության դադարեցման կապակցությամբ: Այս մասին ապրիլի 26-ին «Անկախություն եւ ինքնիշխանություն. սպառնալիքներ եւ մարտահրավերներ ժամանակակից Հայաստանի համար» համաժողովում հայտարարեց Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը:
Այսպես, նրա խոսքով, Բելառուսի նախագահը շնորհավորել է Ադրբեջանի ղեկավարին ոչ թե այն բանի համար, որ ինչ-որ մեկը կորցրել է, իսկ մյուսը ձեռք է բերել, այլ նրա համար, որ արյունահեղությունը դադարեցվել է, եւ որ մայրերը դադարել են կորցնել իրենց որդիներին:
«Ես եղել եմ պատերազմում եւ տեսել եմ, թե ինչ է դա: Խնդրում եմ ձեզ այս տեսանկյունից նայել բելառուսական կողմի դիրքորոշմանը, եւ որեւէ բան ավելացնելու, շահարկելու ու այս իրավիճակն ինչ-որ այլ կերպ ներկայացնելու կարիք չկա: Մեր նախագահը խաղաղության կողմնակից է»,- ընդգծեց դեսպանը:





























