Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսին: Հանդիպմանը ներկա էր Հայաստանում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը:
Նա նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Լիտվայի հետ հարաբերությունների զարգացմամբ՝ երկկողմ ու բազմակողմ ձեւաչափով: «Որպես ժողովրդավարական երկիր՝ Հայաստանը կարեւորում է Լիտվայի հետ համագործակցությունը, նաեւ ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակում», - ասել է նա: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հետպատերազմական դժվարին ժամանակաշրջանում Հայաստանը հանձնառու է շարունակելու ժողովրդավարական բարեփոխումների իրականացումը՝ ի շահ իրավունքի գերակայության եւ մարդու իրավունքների պաշտպանության:
Արտգործնախարար Լանդսբերգիսը նշել է, որ Լիտվան զորակցում է հայ ժողովրդին պատերազմի, կորոնավիրուսի հետեւանքների հաղթահարման գործում եւ պատրաստ է, նաեւ որպես ԵՄ անդամ, սատարել այս գործընթացին, հումանիտար օժանդակություն ցուցաբերել: Նրա խոսքով՝ ԵՄ-ն կարեւորում է Հայաստանում ժողովրդավարության զարգացումը եւ այդ գործընթացում առավել ակտիվ ներգրավվումը:
Նիկոլ Փաշինյանն ու Գաբրիելյուս Լանդսբերգիսը մտքեր են փոխանակել տարածաշրջանում անվտանգային մարտահրավերների եւ զարգացումների շուրջ:
Անդրադառնալով հետպատերազմական վիճակին՝ Նիկոլ Փաշինյանը խոսել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին դեռեւս անազատության մեջ պահելու, Բաքվի կողմից շարունակվող ագրեսիվ հայատյաց հռետորաբանության, «ռազմավարի պուրակի», Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ հնչող նկրտումների, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական կրոնական եւ մշակութային ժառանգության ոչնչացման գործողությունների մասին: Այս ամենը, ըստ նրա, ակնհայտ է դարձնում այն, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ անհրաժեշտ է կիրառել «անջատում հանուն փրկության» սկզբունքը:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել աջակցության պատրաստակամության համար եւ ընդգծել, որ ժողովրդավարական ուղիով առաջ շարժվող Հայաստանը, հաշվի առնելով արժեհամակարգային ընդհանուր հենքը, ԵՄ-ից եւ ԵՄ անդամ երկրներից նախեւառաջ ակնկալում է համարժեք գնահատական Ադրբեջանի հակահայ քաղաքականությանը:
Լիտվայի ԱԳ նախարարը նշել է՝ ԵՄ-ն հստակ դիրքորոշում է ներկայացրել, որ բոլոր պատանդները, գերիները պետք է վերադարձվեն, եւ Լիտվան եւս միանում է այդ դիրքորոշմանը: Նա նաեւ ընդգծել է, որ Լիտվան լիովին սատարում է հայկական պատմամշակութային ժառանգության պահպանմանն ուղղված ջանքերին:





























