Հաղթող բևեռը լինելու է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած բևեռը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Այլընտրանք» ՀԿ ղեկավար Նարեկ Մանթաշյանը։

«Մարդ, որը հաղթել է պատերազմ, ստեղծել է բանակ, ոտքի է կանգնեցրել Արցախը, Հայաստանի տնտեսությունը զարգացրել է, Հայաստանի վարկանիշը բարձրացրել է։ Նա ունի ներդրողների ամենամեծ շրջանակը Հայաստանում, և եթե դուք տաք անունը, որն ունի նման կենսափորձ, ես կասեմ, որ կա նաև երկրորդ բևեռը։ Բայց քանի որ չկա նման ուժ, այս պահին միակ ֆավորիտային ուժը լինելու է Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած քաղաքական բլոկը»,- նշեց նա։

Նարեկ Մանթաշյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը ժողովրդին սիրաշահելու համար երբեք ուղղակի բառեր չի ասում ժողովրդին և միշտ հասկանում է իր խոսքի արժեքը։

«Աջակիցների հետ հանդիպման ժամանակ նախագահը խոստացավ, որ մոտալուտ հաղթանակից հետո Հայաստանը վերածվելու է մեծ շինհրապարակի, որտեղ մարդիկ իրենց կյանքի փոփոխությունն ամեն օրվա կտրվածքով զգալու են։ Այդ շինհրապարակում միակ մարդը, որը չի կարողանալու լավ ապրել, լինելու է ծույլ, իր գործին չնվիրված, հայրենիք չսիրող մարդը։ Այս պահին մեր երկիրն անդունդում է, որից դուրս գալու համար պետք է բոլորիս միահամուռ աշխատանքը, իսկ այդ աշխատանքի հնարավորությունը կընձեռնի նախագահն իր ճիշտ քաղաքական գործով։ Ինչպես իր ղեկավարման առաջին ժամանակահատվածում, այնպես էլ հիմա, ես վստահ եմ, որ նախագահն իր խոստմանը հավատարիմ կլինի և կարճ ժամանակ անց դա կզգան մեր հայրենակիցները»,- ասաց Նարեկ Մանթաշյանը։

Ըստ Նարեկ Մանթաշյանի՝ որևէ իրավագիտակից քաղաքացու մոտ չի կարող տեսակետ լինել, որ հրաժարականից հետո սա հնարավորություն ուներ մնալ պաշտոնակատար և պաշտոնավարել։

«Իրավական ողջ լուրջ հանրությունը պնդում է, որ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի մինչև ընտրությունները մնալ վարչապետի պաշտոնակատար, իսկ ընտրություններից հետո էլ հնարավորություն չի ունենա։ Նա պետք է շտապ ազատի կառավարական ամառանոցը։ Որևէ զարգացման պարագայում Հայաստանում այլևս Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով վարչապետ չի լինելու։ Արդեն նախկին վարչապետը պետք է հասկանա, որ նա Հայաստանում անելիք չունի։ Հասկանում եմ նրա պնդերեսությունը, որ նա նույն դեմքով կարող է գնալ քարոզարշավի, բայց նա այլևս չունի հասարական վստահություն և ամենուր դրան պետք է դիմավորեն հայհոյախառն արտահայտություններով»,- ավելացրեց Նարեկ Մանթաշյանը։