Մոսկվայում այսօր՝ ապրիլի 27-ին բացվել է ԽՍՀՄ Ճարտարապետների միության հիմնադիր, ԽՍՀՄ Ճարտարապետության ակադեմիայի փոխնախագահ, Մոսկվա քաղաքի գլխավոր ճարտարապետ Կարո Հալաբյանին նվիրված հուշարձանը:

Այն նվեր է ՌԴ-ում ՀՀ դեսպանատնից: Հուշարձանը տեղադրվել է Մոսկվայի կառավարության աջակցությամբ:

Ելույթ ունենալով միջոցառաման ժամանակ՝ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը նշել է, որ հուշարձանի բացումը տեղի է ունենում Կարո Հալաբյանի ծննդյան 125-ամյակի նախաշեմին, որը կնշվի հաջորդ տարի: «Կարո Հալաբյանի բրոնզե հուշարձանը ոչ միայն նվիրված է ճարտարապետի ժառանգությանը, այլ նաեւ արտացոլում է մեր ժողովուրդների սերտ կապը»,-ասել է Տողանյանը՝ շնորհակալություն հայտնելով Մոսկվայի իշխանությանը բազմակողմ աջակցության համար:

Նա հիշեցրել է, որ Հալաբյանի ժառանգությունը կարելի է տեսնել ոչ միայն Մոսկվայում եւ ՌԴ այլ քաղաքներում, այլ նաեւ Հայաստանում՝ Երեւանում, որտեղ նաեւ նրա պատվին փողոց է անվանվել:

Հուշարձանի բացմանը ելույթ են ունեցել նաեւ Մոսկվայի կառավարության նախարարը, արտաքին տնտեսական եւ միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Չերեմինը, Սոկոլ շրջանի ղեկավար Ալեքսեյ Բորիսենկոն, ճարտարապետի ծոռ Գեորգի Մելքոնյանը:

Հուշարձանի հեղինակը հայտնի քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանն է, ճարտարապետներն են Աշոտ Թադեւոսյանը, Անդրեյ Ֆրանգուլյանը եւ Կարինա Դանիելյանը: Կոմպոզիցիան կազմված է 3 մետր բարձրությամբ Հալաբյանի բրոնզե ֆիգուրից, որը ձեռքում պահում է գծագրերը, որոնց վրա պատկերված է Ռուսական բանակի թատրոնի նախագիծը: Հուշարձանը պատրաստված է կարմիր գրանիտից, որը գույնով հիշեցնում է հայկական տուֆը: