Ցյուրիխում հոկտեմբերի 10-ին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները Թուքիայի խորհրդարան կուղարկվեն հաջորդ շաբաթ։ Այս մասին, ըստ CNN Turk հեռուստաընկերության, այսօր՝ հոկտեմբերի 12-ին հայտարարել է թուրքական կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեմիլ Չիչեկը։ Նրա խոսքերով, խորհրդարան ուղարկվելու ճշգրիտ օրը դեռ հայտնի չէ, սակայն «միայն խորհրդարանը պետք է որոշի՝ քվեարկելո՞ւ է արձանագրությունների վերաբերյալ, թե՞ ոչ»։

Ըստ Չիչեկի, Հայաստանի հետ արձանագրությունների ստորագրումը Կովկասում կայունություն եւ խաղաղություն հաստատելու Թուրքիայի ծրագրերի միայն մի մասն է։ Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ Չիչեկը նշել է, թե Հայաստանը պետք է ազատի «ադրբեջանական գրավյալ տարածքները»։

«Թուրքիան հույս ունի, որ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը դրականորեն կանդրադառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա», ասել է թուրք պաշտոնյան։

Խոսելով Հայոց ցեղասպանության հիմնախնդրից՝ Չիչեկը հայտարարել է, թե Թուրքիան պատրաստ է առերեսվել իր պատմությանը, այդ իսկ պատճառով, համաձայն արձանագրությունների, կստեղծվի պատմաբաններից կազմված հատուկ հանձնաժողով։ «Մենք պատրաստ ենք ապացուցել, թե որն է ճշմարիտը եւ որը սուտը 1915 թ-ի դեպքերի առնչությամբ։ Եվ թող որ գիտնականները զբաղվեն դրանով», ասել է Չիչեկը։ Բացի այդ, ըստ նրա, «Հայաստանը նաեւ պետք է ճանաչի Թուրքիայի սահմանները»։

Մինչդեռ, ինչպես հաղորդել է NEWS.am-ը, այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը լրագրողներին հայտարարել է, որ հայկական կողմը արձանագրությունների վավերացման հարցը Ազգային ժողով կմտցնի միայն այն բանից հետո, երբ Թուրքիայի խորհրդարանը կքննարկի դրանք եւ կորոշի՝ բացել սահմանը, թե ոչ։ Եւ միայն դրանից ելնելով հայկական կողմը կորոշի իր հետագա անելիքը։