Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը հայտարարել է, որ այսուհետ եւս կկենտրոնացնի քաղաքականությունը` տնտեսական դիվերսիֆիկացման իր ձգտումների հաջողությունը ապահովելու համար, հաղորդում է Reuters-ը:
Նա հայտնել է, որ թագավորությունը ստեղծել է բյուջետավորման բյուրո, որը կստանձնի պետական բյուջեի ձեւավորումը եւ մինչեւ այս տարվա վերջը քաղաքականության նոր գրասենյակ կբացի:
«Ապագայում այս հատուկ գրասենյակը հրամաններ կտա նախարարություններին՝ հստակ դերերով ու նպատակներով պատրաստված ռազմավարությունն իրականացնելու համար»,- ասել է նա:
Այս քայլերը քաղաքական որոշումների կայացման գործընթացում ավանդական մարմիններից, ինչպիսիք են ֆինանսների նախարարությունը եւ կենտրոնական բանկը, հեռանալու շարունակությունն են՝ սկսած արքայազնի կողմից ղեկավարվող Տնտեսական եւ զարգացման խորհրդի ձեւավորումից:
Նա նաեւ պաշտպանության նախարար է, Saudi Aramco պետական նավթային ընկերության բարձրագույն խորհրդի ղեկավար եւ կարողության ինքնիշխան ֆոնդի նախագահ:
Թագաժառանգ արքայազնը ասել է, որ թագավորությունը չի նախատեսում եկամտահարկ մտցնել, եւ որ անցյալ հուլիսին ավելացված արժեքի հարկը մինչեւ 15% եռապատկելու որոշումը ժամանակավոր էր:
«Ոչինչ չի ստացվի առանց պետական ուժեղ դիրքորոշման, որը քաղաքականություն է որոշում, ռազմավարություն է սահմանում եւ դրանք համաձայնեցնում է տարբեր կառույցների հետ»,- ասել է նա:





























