Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը ցանկանում է «լավ հարաբերություններ» ունենալ Իրանի հետ:

Al Arabiya հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա հայտարարել է, թե Էր Ռիադը ցանկանում է, որ Իրանը օգնի Մերձավոր Արեւելքին շարժվել դեպի բարեկեցություն: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ խնդիր կա «Իրանի բացասական պահվածքի» հետ կապված՝ հղում անելով նրա միջուկային ծրագրին, հրթիռների արձակմանը եւ «անօրինական զինված խմբավորումների» աջակցությանը: Նրա խոսքով՝ Սաուդյան Արաբիան աշխատում է իր տարածաշրջանային եւ համաշխարհային գործընկերների հետ «այդ խնդիրների լուծումները գտնելու համար»:

Արքայազնի մեկնաբանությունը արվել է օրեր անց այն բանից, երբ լուրեր տարածվեցին, որ Սաուդյան Արաբիայի եւ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները գաղտնի բանակցություններ են վարում Իրաքում՝ փորձելով վերականգնել հարաբերությունները: Սաուդյան Արաբիայի աղբյուրները հերքել են այդ լուրերը: Բայց Իրանի արտաքին գործերի նախարարությունը չի հաստատել կամ հերքել դրանք՝ փոխարենը նշելով, որ «միշտ ողջունում է երկխոսությունը»:

Արքայազն Մուհամմեդը նշել է, թե Սաուդյան Արաբիան չի ցանկանում, որ «Իրանի հետ կապված իրավիճակը բարդանա»: «Ի վերջո, Իրանը հարեւան երկիր է, եւ մենք լավ հարաբերությունների հույս ունենք: «Մեր խնդիրը Իրանի բացասական պահվածքն է՝ սկսած նրա միջուկային ծրագրից մինչեւ տարածաշրջանում ապօրինի աշխարհազորայիններին աջակցելը կամ բալիստիկ հրթիռներ արձակելը»,- հավելել է նա: «Մենք աշխատում ենք մեր տարածաշրջանային եւ գլոբալ գործընկերների հետ` այս մարտահրավերներին լուծումներ գտնելու համար, եւ հուսով ենք, որ դրանք կհաղթահարենք` բոլորին օգուտ բերող լավ հարաբերություններ ստեղծելու համար»:

Արքայազն Մուհամմեդի մեկնաբանությունը, որը Սաուդյան Արաբիայի փաստացի կառավարիչն է, ավելի զուսպ է, քան նախորդ տարիներին: 2018-ին նա Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիին համեմատել էր Ադոլֆ Հիտլերի հետ: