Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պետք է ճնշում գործադրել Սիրիայի ղեկավարության վրա, որպեսզի վերջինս դադարեցնի արյունահեղությունը եւ անցնի ճգնաժամի լուծման քաղաքական մեթոդների:
Կառավարությունները, ըստ Պուտինի, պետք է խուսափեն այնպիսի միջոցների կիրառումից, որոնք կարող են հանգեցնել մարդկային զոհերի:
Միաժամանակ նա նշել է, որ Ռուսաստանը կցանկանար, նաեւ միջազգային հանրությունից, գտնել հակամարտության լուծման այնպիսի մեթոդներ, որոնք կնվազեցնեին զոհերի թիվը: Այդպիսի մեթոդները, ըստ նրա, պետք է օգնեն «ժողովրդին գնալ հակամարտությունների կարգավորման խաղաղ ճանապարհով», ինչպես նաեւ տանեն դեպի «ժողովրդավարության, ազատության հիմքերի ընդլայնման, բայց հաշվի առնելով ժողովրդի ավանդույթները»:
Այլ երկրների ուղիղ միջամտությունը Պուտինը լավագույն ելքը չի համարել: Նա բերել է Իրաքի օրինակը, որտեղ գոյություն ուներ «ոչ նորմալ եւ անհեթեթ » ռեժիմ, սակայն չկային ծայրահեղականներ: «Իսկ հիմա ողջ երկիրը գրոհայիններով է լցված: Ի~նչ է, ավելի լա~վ է դարձել: Ոչ, իհարկե», - ավելացրել է վարչապետը:
Մեկնաբանելով Սիրիայի հարցով Ռուսաստանի դիրքորոշումը` Պուտինն ասել է, որ Մոսկվան չի պատրաստվում «որեւէ մեկին պահել», այլ ցանկանում է արդյունավետ լուծում գտնել:




























