ԱՄՆ Սենատը Լիբիայում ռազմական ուժի՝ եւս մեկ տարով կիրառման մասին բանաձեւ է ընդունել։

Ինչպես հայտնել են ամերիկյան իշխանությունների ներկայացուցիչները, նախագահ Բարաք Օբաման հնարավորություն է ստացել ՆԱՏՕ-ի գործողություններին մասնակցելու համար ամերիկացի զինծառայողներ ուղարկել։ Երկկուսակցական համաձայնագիրը ներկայացրել են Ջոն Քերրին եւ Ջոն Մաքքեյնը, գրում է РБК-ն։

«Քերրի-Մաքքեյնի բանաձեւ» անունն ստացած փաստաթղթում նշվում է, որ Սպիտակ տան ղեկավարը հնարավորություն է ստանում զինուժն օգտագործել սահմանափակ կերպով եւ ի նպաստ ԱՄՆ-ի պետական շահերի։

Ավելի վաղ ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի մի շարք պատգամավորներ Լիբիայում իրականացրած մատական գործողությունների համար քննադատել էին Օբամային եւ անգամ նրան դատի տվել։ Խորհրդարանականների կարծիքով, Սպիտակ տան ղեկավարը խախտել է ԱՄՆ Սահմանադրությունը՝ Լիբիայում պատերազմ սկսելով առանց կոնգրեսի հավանության։