Թուրքիան COVID-19-ի դեմ «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի 50 միլիոն դեղաչափ ներմուծելու մասին պայմանագիր է կնքել, որի մատակարարումը կսկսվի մայիսին։ Այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Ֆահրեթին Կոջան:

«Մենք գտնվում ենք «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործման թույլտվություն տալու վերջին փուլում եւ այն գնելու գործարք ենք կնքել: Թուրքիան վեց ամսվա ընթացքում 50 միլիոն չափաբաժին ստանալու պայմանագիր է կնքել»,- ասել է Կոջան:

Մինչ այժմ Թուրքիան օգտագործել է COVID-19-ի դեմ պատվաստանյութեր, որոնք մշակվել են Sinovac Biotech Ltd-ի եւ Pfizer-ի ու BioNTech-ի կողմից: Արդեն կատարվել է 22 միլիոն պատվաստում, առաջին դեղաչափը ստացել է 13,55 միլիոն մարդ:

Ավելի վաղ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (RDIF) հայտարարել էր, որ թուրքական դեղագործական ընկերություններն իրենց գործարաններում կարտադրեն «Սպուտնիկ V» պատվաստանյութը։