Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաք Բելֆաստի արեւելյան մասում արդեն երկրորդ օրն է, որ շարունակվում են բախումները բողոքականների եւ կաթոլիկների միջեւ, որտեղ երկու մարդ արդեն հրազենային վնասվածքներ են ստացել:

Իրավապահները խորհուրդ են տալիս  վարորդներին խուսափել Շոթ-Սթրենդ շրջանից, որտեղ 700 հոգանոց բազմություն է հավաքվել: Մարդիկ ոստիկանության վրա բենզինե ռումբեր են նետում, գրոհում ոստիկանական ավտոմեքենաները, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար ջրցան մեքենաներ է բերել: Ներկայիս անկարգություններն ամենալուրջն են վերջին տասնամյակում:

Անկարգությունները շարունակվում են նաեւ փողոցներում: Մարդիկ քարեր եւ վառվող հեղուկներով շշեր են նետում բնակելի տների վրա:

Որոշ վայրերում բողոքականների ու կաթոլիկների միջեւ փոխհրաձգություն է կայացել:

Ոստիկանությունը հետաքննում է ավտոբուսի առեւանգման փաստը: