Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը, հավանաբար, հավատում է իր ասած անհեթեթություններին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Նա նկատեց, որ Քերոբյանը չի տիրապետում իրավիճակին, ծանոթ չէ տնտեսական չափանիշներին: Փորձագետը չբացառեց, որ Քերոբյանն իսկապես փորձում է աշխատել, սակայն տնտեսական երկնիշ աճի մասին նրա կանխատեսումները բավարար չեն:

«Տպավորություն է ստեղծվում, մարդը չի ստում, այլ պարզապես ոչինչ չի հասկանում: Տնտեսությունը պարզապես մահացել է, եւ որեւէ հեռանկար չկա, որ հեքիաթային կերպով կարող է ամեն ինչ կտրուկ փոխվել: Ինչ վերաբերում է էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների հեռացմանը, ապա օպտիմալացման գործընթացը պետք է ունենա հիմքեր, ինչը Քերոբյանը չի ներկայացրել»,-նշեց Բոստանջյանը:

Նրա խոսքով՝ թշնամիներին Հայաստանի վաճառքը շարունակվում է, եւ նման պայմաններում տնտեսական աճի մասին խոսելը պարզապես անմտություն է. բնակչության եկամուտները նվազում են, իսկ աղքատության մակարդակը՝ աճում:

«Առաջարկելով տնտեսական հարաբերություններ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ՝ իշխանությունը պարզապես թաղում է Հայաստանը, քանի որ հայկական տնտեսությունը քիչ մրցունակ է»,-եզրափակեց փորձագետը: