Հայաստանում կան կազմակերպություններ, որոնք հիմնականում գործում են «Զարգացման կենտրոններ» անվան տակ: Դրանց թիվը շուրջ 300 է, եւ նրանք իրականացնում են տարբեր տեսակի նախադպրոցական կրթական ծրագրեր, այդ թվում`այլընտրանքային, լրացուցիչ, ինչպես նաեւ մատուցում են նախադպրոցական ծառայություններ` չունենալով համապատասխան լիցենզիա: Այս մասին հայտարարեց հանրապետության ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նիստում «Լիցենզավորման մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ:

Այս կենտրոնները, նրա խոսքով, գործում են պետական վերահսկողության ոլորտից դուրս, զբաղվում են երեխաների ուսուցմամբ, նրանց զարգացմամբ, կրթությամբ, խնամքով եւ հսկողությամբ, չեն ապահովում երեխաների առողջության եւ անվտանգության նվազագույն պահանջները (հիգիենիկ, սանիտարա-համաճարակաբանական, հակահրդեհային եւ այլն): «Շատ դեպքերում այդ կենտրոններն աշխատում են առանց հստակ չափանիշների, չեն տալիս կրթության բովանդակության առումով ներկայացված վերջնական արդյունքները, որոնք պետք է նախապատրաստեն երեխաներին դպրոցում ուսմանը»,- ասաց Անդրեասյանը: Այս փոփոխությունների նպատակը, ըստ փոխնախարարի հավաստիացման, նախադպրոցական կրթության ոլորտում պետական քաղաքականության միասնական ստանդարտների ձեւավորումն է, նախադպրոցական կազմակերպությունների համար լիցենզավորման հավասար պայմանների եւ պահանջների ապահովումը: Դա, նրա խոսքով, կբարձրացնի համապատասխան գերատեսչությունների ուշադրությունը եւ պատասխանատվությունը նախադպրոցական կրթության ոլորտի նկատմամբ` զգալիորեն բարձրացնելով այս ոլորտում առկա խնդիրների լուծման արդյունավետությունը: «Միեւնույն ժամանակ, կապահովվի պետբյուջե պետական տուրքի մուտք` մոտ 6 000 000 դրամի չափով»,- նշեց Անդրեասյանը` հայտնելով, որ պետական տուրքի չափը կնախատեսվի 20 000 դրամի չափով: Միեւնույն ժամանակ, այդ կենտրոնները կկարողանան լիցենզավորումն իրականացնել մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 30-ը: Բավականին երկար քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունը ստացավ պրոֆիլային հանձնաժողովի դրական եզրակացությունը: