Հայաստանի բանկային համակարգի 3 բաց բաժնետիրական ընկերություններից մեկը` «Արարատբանկը», այսօր` հունիսի 22-ին հայտարարեց շահաբաժինների վճարման մասին:
«Արարատբանկի» կողմից սա շահաբաժիններ վճարելու առաջին դեպքն է: Այդ մասին լրագրողներին ասաց բանկի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը: 5000 դրամ անվանական արժեքով յուրաքանչյուր բաժնետոմսի համար բանկը կվճարի 208 դրամ (4.17 տոկոս):
Նշենք, որ բանկն ունի 80-ից ավելի բաժնետեր: Բաժնետոմսերի 74.18 տոկոսը պատկանում է «Ֆլեշ» ընկերությանը, 25 տոկոսը` Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկին:
Ըստ Ա. Օսիպյանի`շահաբաժիններին կուղղվի նախորդ տարվա շահույթի (1.7 մլրդ դրամ) 20 տոկոսը: Նրա տեղեկացմամբ` բանկն անցյալ տարի մոտ 48 տոկոս միջին աճ է ունեցել:
Չի բացառվում, որ բանկն այս տարի իրականացնի բաժնետոմսերի առաջնային տեղադրում (IPO):




























