Իշխանությունները պետք է պաշտոնից հեռացնեն գործող վարչապետ Տիգրան Սարգսյանին, քանի որ նա ընդունակ չէ որեւէ բանի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունիսի 22-ին հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը:
«Թող գոնե, ասենք, էսօր բռնի, Տիգրան Սարգսյանին հանի: Որեւէ կարիք չկա էդ տղուն պահելու»,- նշեց Բագրատյանը։ Նա իր առաջարկը հիմնավորեց, ասելով, թե Տիգրան Սարգսյանի կառավարությունն այսօր տնտեսագիտորեն որեւէ ճիշտ որոշում չի կայացնում եւ որեւէ ոլորտ չի զարգանում:
«Թող մի բան անի Սերժ Սարգսյանը, թող Գալուստ Սահակյանին դնի։ Շատ ավելի հետաքրքիր կլինի, նա գոնե ոչինչ չի անի։ Ի՞նչ կա, չի՞ կարելի գտնել որեւէ մեկին ու խնդրել, որ ոչինչ չանի»,-առաջարկեց նախկին վարչապետը։
Նրա նաեւ ասաց, որ եթե Տիգրան Սարգսյանն ու նրա կառավարւթյան անդամներն իրոք ընկալունակության խնդիր ունեն, ապա ինքը կարող է օգնել այդ հարցում, բացատրելով, թե` որը որից հետո է: Հարցին, թե կցանկանա՞ր Բագրատյանը վարչապետ աշխատել Սերժ Սարգսյանի վարչակազմում, ՀՀ նախկին վարչապետին անակնկալի բերեց եւ նա այսպես արձագանքեց. «Եթե մորաքույրս տղա ծնված լիներ, ապա քեռիս կլիներ»:




























