Ռուսաստանի ղեկավարությունը որոշել է մարդասիրական օգնություն ցուցաբերել Լիբիայի ողջ կարիքավոր բնակչությանը` անկախ նրանից, թե երկրի որ մասում են գտնվում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:
Նա նշել է, որ Լիբիայում «ձգձգվող զինված հակամարտությունը հանգեցրել է մարդասիրական իրավիճակի կտրուկ անկման, ինչը հարուցում է Մոսկվայի մտահոգությունը»:
Լուկաշեւիչի խոսքով` առաջիկա օրերին Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ուժերով նախատեսվում է մարդասիրական բեռներ հասցնել Լիբիայի թե արեւմտյան եւ թե արեւելյան հատվածներ: Նա նաեւ տեղեկացրել է, որ բեռների առաքման եւ բաշխման հետ կապված հարցերը քննարկվում են ինչպես Տրիպոլիի իշխանությունների, այնպես էլ ընդդիմադիր անցումային խորհրդի ներկայացուցիչների հետ:




























