Լավատեղյակ աղբյուրներից «ՀԺ»-ին հայտնի է դարձել, որ վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂ հարցի հետ կապված գործադիր-փորձագիտական խումբ է ստեղծել, եւ բանակցային գործընթացի նրբությունները քննարկում է միայն այդ շրջանակի հետ:

«Մեր տեղեկություններով, խմբի մեջ են մտնում ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը, Ս. Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը: Խմբի աշխատանքներին որոշակի պարբերականությամբ մասնակցում է նաեւ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, որը համակարգում է տվյալ հարցի հետ կապված PR աշխատանքները: Հետաքրքիրն այն է, որ ԼՂՀ գործող իշխանությունների որեւէ ներկայացուցիչ այս խմբի մեջ ներգրավված չէ: ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափով ընթացող բանակցությունների սեղանի շուրջ Ղարաբաղի իշխանությունների բացակայությունը Ս. Սարգսյանի վարչակազմը բացատրում է միջազգային բարդություններով:

Հետաքրքիր է` ի՞նչ բարդություն կա փորձագիտական քննարկումներին ԼՂՀ նախագահին եւ ԱԳ նախարարին ներգրավելու մեջ: Մյուս կողմից էլ ԼՂՀ գործող իշխանություններն էլ կարծես առանձնապես դժգոհ չեն, որ ԼՂ հարցի հետ կապված իրենց տեղեկատվության հիմնական աղբյուրը զանգվածային լրատվության միջոցներն են»,-գրում է թերթը: