Արեւմուտքը բավարար ջանքեր չի գործադրում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ, եւ դա հնարավորություն է ընձեռում Ռուսաստանին ավելի ակտիվ լինել այդ հարցում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը «Մոսկովսկիե Նովոստի» թերթին տված հարցազրույցում:
Նրա խոսքով, վերջին երկու տարում, անկախ միջազգային ջանքերից, «Ռուսաստանը վարում է եթե ոչ անջատողական, ապա ավելի ակտիվ քաղաքականություն այդ հարցում»: «Ես զգացողություն ունեմ, որ Արեւմուտքը, բավարար ջանքեր չի գործադրում խնդրի լուծման ուղղությամբ, քանի որ դա նրա գերակայությունը չէ: Ամերիկան ահռելի այլ խնդիրներ ունի` Իրաք, Աֆղանստան, Իրան, Հյուսիսային Կորեա եւ այլն: Ուղղակի ձեռքերը չեն հասնում: Որքան էլ այդ երկիրը հարուստ լինի, ռեսուրսները չեն բավարարում: Դա մի կողմից հեռացնում է որոշումը, մյուս կողմից` հնարավորություն ընձեռում Ռուսաստանի համար ավելի ակտիվ լինել այդ հարցում: Եւ կարծես, վերջին երկու տարում, անկախ միջազգային ջանքերից, Ռուսաստանը վարում է եթե ոչ անջատողական, ապա ավելի ակտիվ քաղաքականություն այդ հարցում: Սա ակնհայտ է: Ընթանում են նախագահների հանդիպումներ, ստորագրվում են հայտարարություններ եւ եռակողմ հռչակագրեր: Բա բերում է եզրահանգման, որ խնդրի լուծման նախաձեռնությունն անցնում է Ռուսաստանի ձեռքը: Ռուսաստանը շանս ունի: Վստահ եմ, որ Արեւմուտքը դեմ չի լինի, որ հարցը լուծվի նման կերպ, եթե հակամարտող կողմերը համաձայն են ընթանալ այդ ճանապարհով: Առայժմ ադ գործընթացի հաջողության հնարավորություն կա, որը վարում է Ռուսաստանը»,- ասել է Տեր-Պետրոսյանը` հավելելով. «Եթե երկու կողմերը ընկերություն են անում քեզ հետ, դու լավագույն միջնորդն ես: Դա օրենք է: Միջնորդ չի կարող լինել նա, ով վստահություն չունի կողմերի մոտ»:
Ըստ Տեր-Պետրոսյանի, եթե այդ գործընթացը արագ հաջողության չբերի, պատերազմը հնարավոր է: «Ադրբեջանը պարզապես համբերություն չի ունենա: Հայաստանը երբեք պատերազմ չի սկսի, ով էլ որ լինի նախագահը: Եթե պատերազմ սկսվի, ապա միայն Ադրբեջանի նախաձեռնությամբ: Եւ ամենավտանգավորն այն է, որ ոչ ոք չի կարող բռնել Ադրբեջանի ձեռքը»,- ասել է նա:
Տեր-Պետրոսյանը նկատել է, որ Ռուսաստանի համար շատ բարդ է լինել գործընթացի մոդերատորը: «Ռուսաստանը միշտ ասում է, որ Հայաստանն իր գլխավոր եւ միակ կովկասյան դաշնակիցն է, բայց փորձում է փոխշահավետ հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ»,- ընդգծել է Լեւոն Տեր-Պետրոսյանը:




























