Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի եւ Վրաստանի    կրթության եւ գիտության նախարար Դիմիտրի Շաշկինիի միջեւ  ձեռք  բերված  պայմանավորվածությունների  շրջանակում Քութայիսիի  Զ. Ժվանիայի անվան պետական  կառավարման դպրոցում մեկնարկել են Վրաստանի հայկական դպրոցների ուսուցիչների վերապատրաստման դասընթացները:

ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 32-ժամյա վերապատրաստման դասընթացները, որոնք իրականացնում է ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի աշխատանքային խումբը, նախատեսված են «Հայոց պատմություն», «Հայոց լեզու», «Գրականություն» առարկաներ եւ տարրական դպրոցում դասավանդող  ուսուցիչների համար:

Դասընթացներին մասնակցում են Ախալքալաքի, Ախալցխայի եւ Թբիլիսիի հայկական դպրոցների 92 ուսուցիչ: Վերապատրաստման դասընթացներն առաջին անգամ կազմակերպվել են 2010 թվականին, որին մասնակցել է Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ասպինձայի, Բորժոմիի, Մառնեուլի, Թբիլիսիի եւ Ախալցխայի 100 ուսուցիչ:

Վերապատրաստման դասընթացներն իրականացվում են երկու կողմերի համաֆինանսավորմամբ: