Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԽԽՎ ամառային նստաշրջանի շրջանակներում արժանացել է եվրապատգամավորների բարձր գնահատականին եւ դրական է ընդունվել կազմակերպության ղեկավարության կողմից: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով, Սերժ Սարգսյանի ելույթի հաջողված լինելու մասին է խոսում այն փաստը, որ դրա ողջ ընթացքում ադրբեջանցի եւ թուրք պատվիրակները նյարդային շարժումներ էին անում իրենց տեղերում, հատկապես, երբ ելույթն ուղեկցվում էր ծափահարություններով:
Զոհրաբյանը նշել է, թե ելույթից հետո շատ պատվիրակներ մոտեցել են հայկական պատվիրակության անդամներին եւ բարձր են գնահատել Սարգսյանի ելույթը. «Նրանք մասնավորաբար, զարմացած էին այն հանդարտությամբ, որով Հայաստանի նախագահը պատասխանում էր ամենասուր հարցերին, հատկապես «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին, թե Հայաստանում ավտորիտարիզմ է տիրում եւ արտահերթ ընտրություններ են անհրաժեշտ: Եվրոպացիները զարմացած էին, որ ընդդիմադիր պատգամավորը կարող է նման սուր հարց տալ, իսկ Սերժ Սարգսյանը այդպես հանգիստ արձագանքի այդ ամենին: Եվրոպացի պատգամավորների կարծիքով, Սերժ Սարգսյանի վարքը վկայեց, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է»,- ասել է Զոհրաբյանը:




























